ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է հանդուրժեն հիբրիդային պատերազմի շրջանակում իրականացվող միտումնավոր գործողությունները, իսկ ԱՄՆ-ն աջակցելու է դաշնակիցներին նման միջադեպերին հակազդելու հարցում։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։

Նրա խոսքով՝ հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում անցյալ ամիս Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ Բեռլինն անօդաչու սարքի կիրառմամբ հարձակման փորձի պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա։ Ուիթաքերը նշել է, որ այս դեպքն ավելի տագնապալի է, քան ռուսական անօդաչուների հետ կապված այն դրվագները, երբ Ուկրաինայում թիրախներին հարվածելիս դրանք պատահաբար շեղվում էին երթուղուց և հատում ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմանները։

Ամերիկացի դիվանագետը դաշնակիցներին կոչ է արել պատրաստ լինել, պահպանել զգոնությունը և կոշտ արձագանք տալ նմանօրինակ գործողություններին։ Նրա համոզմամբ՝ եթե հաջողվում է պարզել մեղավորներին, անհրաժեշտ է հստակ արձանագրել նման քայլերի անընդունելիությունը և դրանց հակազդելու պատրաստակամություն ցուցաբերել։

Ուիթաքերը նաև նախազգուշացրել է, որ հնարավոր հիբրիդային հարձակումների թիրախ կարող է դառնալ կրիտիկական ենթակառուցվածքը, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։ Նրա կարծիքով՝ ազգային իշխանությունները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն դրանց պաշտպանությանն ու մշտադիտարկմանը։

Միևնույն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ նման միջադեպերին անմիջական արձագանքումը առաջին հերթին առանձին պետությունների պատասխանատվությունն է։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք բախվում են նման սպառնալիքների։