Jaguar Land Rover-ը թողարկում է աշխատակիցների կամավոր հեռացման ծրագիր՝ փորձելով դրա միջոցով առաջիկա երկու տարվա ընթացքում կրճատել ծախսերը 1,7 միլիարդ ֆունտ ստերլինգով, հայտնում է Sky News-ը։

Ընկերությունը աշխատանքից հեռանալու առաջարկ կանի ֆիքսված աշխատավարձ ստացող աշխատակիցներին, ինչպես նաև մենեջերներին։ Այդուհանդերձ, JLR-ը չի հայտնել կրճատվող աշխատատեղերի հստակ թիվը։ Ավելի վաղ Times թերթը հայտնել էր, որ սակագնային սահմանափակումների հետևանքների և վաճառքների անկման պատճառով կրճատման տակ կարող է հայտնվել մինչև 4 հազար աշխատակից։

Ընկերությունում հայտարարել են, որ ռազմավարության հաջորդ փուլի շրջանակում մտադիր են պարզեցնել կազմակերպչական կառուցվածքը, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաև անվնասաբերության շեմը իջեցնել տարեկան մինչև 300 հազար ավտոմեքենայի։

JLR-ի ֆինանսական վիճակը վերջին շրջանում վատթարացել է մատակարարումների հետ կապված խնդիրների և վաճառքների ծավալների նվազման ֆոնին։ Հունիսին ընկերությունը հայտնել էր, որ հունիսի 30-ին ավարտված երեք ամիսների ընթացքում իր հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 9,6%-ով՝ հասնելով 6 միլիարդ ֆունտ ստերլինգի։

Մարտին Նորվեգիայում կոմպլեկտավորող դետալների մատակարարի ձեռնարկությունում բռնկված հրդեհից հետո JLR-ը ստիպված էր եղել ժամանակավորապես դադարեցնել Սոլիհալի գործարանում Range Rover և Range Rover Sport մոդելների արտադրությունը։ Ընկերությունը կասեցրել էր նաև բենզինային և դիզելային շարժիչներով մի շարք մոդելների, այդ թվում՝ F-Pace-ի թողարկումը։

Արտադրությանը լրացուցիչ հարված էր հասցրել 2025 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած կիբեռհարձակումը, որի պատճառով ընկերության գլոբալ գործառնությունները կանգ էին առել մի քանի շաբաթով։ Sky News-ի տվյալներով՝ JLR-ն դրա հետևանքով օրական կորցնում էր տասնյակ միլիոնավոր ֆունտ ստերլինգի հասույթ։

Ընկերությունում աշխատում է մոտ 40 հազար մարդ ամբողջ աշխարհում, որոնցից շուրջ 33 հազարը՝ Մեծ Բրիտանիայում։