Չինաստանի Գուանտուն նահանգում մեկնարկել են Չինաստանի և Սինգապուրի ռազմածովային համատեղ 5-րդ վարժանքները։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել Չժանցզյան քաղաքի ռազմածովային բազայում։ Վարժանքներն անցկացվում են քաղաքին հարող ջրային և օդային տարածքներում. դրանք ներառում են մարտական կրակոցներ, ծովում պաշարների համալրում, ինչպես նաև որոնողափրկարարական համատեղ գործողություններ։

Զորավարժություններին մասնակցում է երկու ռազմանավ՝ չինական «Դալի» կառավարվող հրթիռային ֆրեգատը և սինգապուրյան RSS Steadfast ֆրեգատը։

Չինաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վարժանքների նպատակն է ամրապնդել փոխադարձ վստահությունը, զարգացնել գործնական համագործակցությունը և բարձրացնել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համատեղ ապահովելու երկու երկրների կարողությունները։

Մանևրներն անցկացվում են երկու փուլով՝ նավահանգստում և ծովում։ Ափամերձ հատվածում զինծառայողները փորձ կափոխանակեն ջրասուզական աշխատանքների, սուզանավերի որոնման ու փրկման, ինչպես նաև ջրաստորյա բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ծովային փուլում նախատեսված են կապի, ծովում պաշարների համալրման, ծովային թիրախներին համատեղ հարվածելու և որոնողափրկարարական վարժանքներ։

Չինացի ռազմական փորձագետ Չժան Ցզյունշեն ընդգծել է համատեղ որոնողափրկարարական վարժանքների գործնական նշանակությունը՝ հաշվի առնելով Հարավչինական ծովում ինտենսիվ նավարկությունը, ինչպես նաև եղանակային ու ծովային բարդ պայմանները։

Նրա խոսքով՝ Չինաստանն ու Սինգապուրը պատասխանատվություն են կրում Միջազգային ծովային կազմակերպության սահմանած համապատասխան գոտիներում ծովային փրկարարական գործողություններ իրականացնելու համար, և այս վարժանքները թույլ են տալիս երկու երկրների ՌԾՈւ-ներին կատարելագործել այդ առաջադրանքների կատարումը։

Փորձագետը նաև նշել է, որ մարտական կրակոցներն ու ծովում պաշարների համալրման վարժանքները նպաստում են երկու նավատորմերի մարտունակության բարձրացմանը։

Առաջին երկկողմ ռազմածովային զորավարժությունները Չինաստանն ու Սինգապուրն անցկացրել են 2015 թվականին։ Վերջին տարիներին նման մանևրները դարձել են երկու երկրների ռազմական համագործակցության պարբերական մասը։ 2025 թվականի մայիսին Չինաստանի ՌԾՈւ-ն Սինգապուր էր ուղարկել կառավարվող հրթիռային ֆրեգատ և ականազերծման նավ՝ համատեղ վարժանքներին մասնակցելու համար։

Սինգապուրի հետ կանոնավոր մանևրներից զատ՝ Չինաստանը համատեղ զորավարժություններ է անցկացնում նաև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Թաիլանդի և Կամբոջայի հետ։