Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների ավտոշարասյունը լքել է Կրեմլի տարածքը։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել շաբաթ օրը: «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌՆՀՀ ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: Մինչ Պուտինի հետ հանդիպումը ամերիկացի ներկայացուցիչները Դմիտրիևի հետ շուրջ 3,5 ժամ անցկացրել են աշխատանքային ճաշի շուրջ:
Բանակցությունները նվիրված են եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև կատարած այցի ընթացքում պետք է պարզեն, թե արդյոք կան հակամարտության դադարեցման հնարավորություններ։
Ակնկալվում է, որ Մոսկվայից հետո ամերիկացի բանագնացները կուղևորվեն Կիև: Նրանց այցի ընթացքում Պուտինը կարգադրել է կեսգիշերից սկսած երեք օրով դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները:





























