Հունաստանում եռօրյա ռազմական սուգ է հայտարարվել F-4E Phantom II կործանիչի աղետալի վթարի հետևանքով ՌՕՈՒ երկու օդաչուների զոհվելու պատճառով։ Սուգը կտևի մինչև երկուշաբթի, հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Kathimerini-ն։
Զոհվել են 338-րդ էսկադրիլիայի հրամանատարն ու կապիտանը (կործանիչի անձնակազմի անդամները)։ Ինքնաթիռը շաբաթ օրը կործանվել է Աթենքից հյուսիս գտնվող Տանագրայի մոտակայքում ընթացող Athens Flying Week ավիաշոուի ժամանակ։ Հունաստանի ՌՕՈՒ-ն հրապարակել է զոհվածների անվան սկզբնատառերը։
ՌՕՈՒ 338-րդ էսկադրիլիային պատկանող F-4E Phantom II կործանիչը վթարի է ենթարկվել ժամը 14:55-ի սահմաններում՝ Տանագրայի ռազմաօդային բազայից մոտ հինգուկես կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։ Ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը և ընկել վարելահողերի վրա՝ հանդիսատեսի աչքի առջև։
Բեկորների մի մասն ընկել է մոտակա արդյունաբերական օբյեկտի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ տարածվելով հարակից գյուղատնտեսական ու անտառային տարածքների վրա։
Նախնական տվյալներով՝ օդաչուները չեն հասցրել օգտվել կատապուլտացման համակարգից։ Չի բացառվում, որ վերջին րոպեներին նրանք փորձել են ինքնաթիռը հեռացնել հանդիսատեսից և բնակելի գոտիներից։
Քննության տրամադրության տակ է հայտնվել նաև աղետից առաջ ցամաքային ծառայությունների հետ անձնակազմի բանակցությունների ձայնագրությունը, սակայն այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Աղետից հետո պատահարի շրջանում մեկնարկել է հրդեհաշիջման լայնամասշտաբ գործողություն, իսկ երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Դենդիասը վաղաժամկետ ընդհատել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում իր մասնակցությունը և վերադարձել Աթենք։
Հունաստանի ՌՕՈՒ-ն հատուկ հանձնաժողով է ձևավորել՝ ողբերգության պատճառները պարզելու համար։





























