Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և սահմանը բացելու հեռանկարների մասին լրագրողի հարցին։ 

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։

Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը ներկայում ևս պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, իսկ սահմանային ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքները հնարավորություն են տալիս սպասարկել մարդկանց, ապրանքներն ու տրանսպորտային միջոցները։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, այս պահին էլ, սահմանի բացմանը։ Դուք տեղյակ եք, որ սահմանային կետերում համապատասխան աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու մեքենաների տեղաշարժը»,- հայտարարել է նա։

Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը հայ-թուրքական սահմանի փուլային բացման վերաբերյալ մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Դրանք վերաբերում են դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն։

«Մենք առաջարկություններ էինք արել՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդկանց հնարավորություն տալ այցելություններ կատարել, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիներին՝ Հայաստանի տարածքով այցելել Թուրքիա։

Այսինքն՝ մի քանի գաղափարներ կան, որոնց մի մասն իրականացման փուլում է»,- ասել է Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը հայ-թուրքական համագործակցության գործնական օրինակների թվում նշել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը և Երևանում անցկացված Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը։

«Նույն Անիի հին կամրջի վերականգնումը համատեղ է իրականացվում։ Հայաստանում հայ-թուրքական մեծ գործարար համաժողով է անցկացվում (սեպտեմբերի 3-4 -խմբ.)։

Սա նույնպես վկայում է, որ մեր համագործակցության մեջ որևէ սահմանափակում չկա, բայց անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և սահմանը բացել»,- ընդգծել է Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ նույն մոտեցումը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին, իսկ ներկայում քննարկվող հարցերից մեկը գործընթացները համատեղ իրականացնելու ժամկետն է։

«Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Այստեղ խնդիրը դա համատեղ իրականացնելու ժամկետն է։ Հիմա պետք է կարողանանք այս գործընթացն առաջ տանել, որովհետև իրականում իրենք էլ են շահագրգռված, մենք էլ ենք շահագրգռված։

Չկա կողմ, որը դեմ է արտահայտվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը կամ բարելավմանը»,- նշել է ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացումը նպաստում է փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և երկու երկրների համապատասխան կառույցների միջև ավելի գործնական համագործակցությանը։

«Կարևորն այն է, որ գնալով ավելի վստահելի ենք դառնում միմյանց համար։ Կարևոր է, որ կարողանում ենք խոսել Թուրքիայի մեր գործընկերների հետ, շփումներն ավելի ինտենսիվացնել և ավելի կոնկրետ դարձնել»,- ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ երկու երկրների առևտրային հարաբերություններում արդեն կան գործնական փոփոխություններ։ Նախագահի խոսքով՝ երկաթուղով իրականացվող առևտուրը Հայաստանին հնարավորություն է տվել օգտագործելու Կարս-Ախալքալաք ուղղությունը։

«Տեսնում եք երկաթուղով իրականացվող առևտուրը, որը մեզ հնարավորություն է տվել օգտագործելու Կարս-Ախալքալաքը։

Բացի այդ, մեզ համար հատուկ առևտրային կոդ է սահմանվել։ Նախկինում Հայաստան ներմուծվող ապրանքները գալիս էին վրացական կոդերով։ Հիմա դա ուղիղ է տեղի ունենում»,- ասել է Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ հայկական տրանսպորտային միջոցները ներկայում կարող են հատել Թուրքիայի սահմանը՝ առանց պետհամարանիշները փոխելու։

«Երբ տեսնում ենք այս առաջընթացը նույնիսկ տարվա սկզբի համեմատ, զգում ենք, որ երկու երկրների համապատասխան մարմինների կողմից բավականին լուրջ աշխատանք է կատարվում, և դա իր արդյունքը տալիս է»,- նշել է նախագահը։

Խաչատուրյանի խոսքով՝ հայ գործարարները ևս նկատում են կատարված փոփոխությունները։ Դրանք հնարավորություն են տալիս նոր ձևաչափով ամրապնդել տնտեսական կապերը, ավելացնել առևտրի ծավալներն ու Հայաստանի համար այլընտրանքային շուկա ձևավորել։

«Գործարարների հետ խոսելիս հասկանում ենք, որ նրանք զգում և տեսնում են այդ փոփոխությունները։ Սա նոր հնարավորություն է տալիս ամրապնդելու մեր տնտեսական կապերը, մեծացնելու առևտուրը և, ի վերջո, այլընտրանքային շուկա ունենալու։

Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում կախված լինել մեկ շուկայից կամ աշխատել միայն մեկ ուղղությամբ։ Հիմա անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք մեր առևտրային հարաբերությունները, ինչով և զբաղված ենք։ Այդ գործընթացի մեջ մտնում է նաև Թուրքիայի ուղղությունը»,- ընդգծել է նա։

Նախագահը կարևորել է Թուրքիայի ուղղությունը նաև այն պատճառով, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և տրանսպորտային ծախսերը զգալի ազդեցություն են ունենում հայկական արտադրանքի ինքնարժեքի ու մրցունակության վրա։

Խաչատուրյանի ներկայացմամբ՝ Հայաստանում իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի տրանսպորտային ծախսերը շուրջ 30 տոկոսով ավելի բարձր են, քան հարևան երկրներում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանին հնարավորություն կտա օգտվելու Միջերկրական ծովում գտնվող թուրքական նավահանգիստներից։

«Մենք հնարավորություն կունենանք, թեկուզ դեպի ծով ելք չունեցող երկիր լինելով, օգտագործել Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստները»,- նշել է Խաչատուրյանը։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը հարևան երկրների հետ լիարժեք տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

«Եկեք գնահատենք այն, ինչ ունենք այսօր։ Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հարևան երկրների հետ լիարժեք տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատվեն»,- եզրափակել է Վահագն Խաչատուրյանը։