2023 թվականին, Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրայֆսվալդի ծոցում ստորջրյա գազատարի անցկացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել է XVII դարի մինչ այդ անհայտ մի նավ։

Այժմ, երեք տարի անց, հնագետները International Journal of Nautical Archaeology ամսագրում հրապարակել են գտածոյի վերաբերյալ նախնական զեկույց՝ պատմելով նավաբեկության վայրում պահպանված ավելի քան 60 առարկաների մասին՝ կոշիկի ներբաններից և գործիքներից մինչև պարաններ, տակառների մասեր և խարիսխներ։

Գտածոն արվել է շինարարական աշխատանքներից առաջ ծովի հատակի ուսումնասիրության ժամանակ։ Ջրասուզակներին հանձնարարվել էր մաքրել հատակի այն հատվածը, որով պետք է անցկացվեր գազատարը, այնտեղ հայտնաբերված օբյեկտներից։

Սովորական ստորջրյա խոչընդոտների փոխարեն գիտնականները հայտնաբերել են փայտե կառույցներ, կոշիկի ներբաններ, պարանի բլոկներ և ժանգոտ խարիսխ։ Հնագետները պարզել են, որ դրանք մոտ 400 տարի առաջ կառուցված նավի մնացորդներ են։

Փրկարարական աշխատանքների համար շատ քիչ ժամանակ էր մնացել. գազատարի շինարարությունը պետք է սկսվեր ուսումնասիրությունից անմիջապես հետո։ Հինգ մասնագետներ 12 օրից մի փոքր ավելի ժամանակում իրականացրել են 22 սուզում՝ փորձելով վեր բարձրացնել և փաստագրել հնարավորինս շատ գտածոներ։

Աշխատանքը բարդացնում էին մոտ 7,5 մետր խորության պայմանները։ Նավը գտնվում էր փափուկ, տիղմոտ հողի մեջ, և ջրասուզակների ցանկացած շարժում գրեթե ամբողջությամբ զրկում էր նրանց տեսանելիությունից։ Բարձրացված առարկաները հնագետներն արձանագրում էին և տեղադրում ջրով ժամանակավոր տարաների մեջ, որպեսզի պահպանեն դրանք հետագա քայքայումից։

Նավի կորպուսը, պահպանվել էր միայն հատվածաբար։ Հետազոտողները հայտնաբերել են արտաքին պատվածքի մոտ 7,5 մետր երկարությամբ հատված, առանձին շպանգուտներ և այլ փայտե մանրամասներ։

Կառուցվածքը թույլ է տվել պարզել, որ նավը կառուցվել է կլինկերային պատման եղանակով. փայտե տախտակները դրվել են միմյանց վրա՝ ծածկասալիկների նման, և ամրացվել երկաթե մեխերով։ Դրանց միջև եղած ճեղքերը փակվել են խեժի և կենդանական բրդի խառնուրդով՝ Հյուսիսային Եվրոպայի փայտե նավաշինության ավանդական տեխնոլոգիայով։

Նավի տարիքը հաջողվել է որոշել դենդրոխրոնոլոգիայի շնորհիվ։ Պահպանված փայտե տարրի տարեկան օղակները ցույց են տվել, որ շինարարության համար օգտագործված ծառերից մեկը կտրվել է 1626-1639 թվականների միջև։

Ընդհանուր առմամբ, հնագետները փաստագրել են ավելի քան 60 առարկա։ Դրանց թվում են փայտե մասեր, պարաններ, տակառների տախտակներ և կաղնու փորված բուն, որը, հավանաբար, օգտագործվել է որպես նավային պոմպ՝ նավից ջուրը հեռացնելու համար։

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել ատաղձագործական գործիքների հավաքածուն։ Հետազոտողները, մասնավորապես, հայտնաբերել են գործիքներ, որոնք հիշեցնում են «Մերի Ռոուզ» անգլիական ռազմական նավում գտնվածները. այդ նավը խորտակվել էր XVI դարում։ Սա կարող է վկայել այն մասին, որ հին նավի վրա եղել է փոքր արհեստանոց, որն անձնակազմին հնարավորություն էր տալիս նորոգել նավը երկարատև նավարկությունների ընթացքում։

Նավաստիների անձնական իրերից պահպանվել են միայն մի քանի առարկաներ՝ երկու կաշվե ներբան և կարած կաշվե գոտի։ Հայտնաբերված կենդանական ոսկորները վկայում են, որ անձնակազմը, հավանաբար, սնվել է խոզի, ինչպես նաև ոչխարի կամ այծի մսով։

Սակայն մի գտածո առայժմ առեղծված է մնում։ Փայտե բլոկի մեջ տեղադրված էր մի քանի անցքեր ունեցող հարթ կավե աղյուս։ Նման առարկաներ հնագետներին հայտնի չեն։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա կարող էր լինել բթացած գործիքները, օրինակ՝ դուրերը սրելու համար իմպրովիզացված հարմարանք։

Անհասկանալի են մնում նաև նավի կործանման հանգամանքները։ Որոշ փայտե մասերի վրա կան այրման հետքեր, ինչը կարող է վկայել հրդեհի մասին։ Բացի այդ, վայրում հայտնաբերվել են երկու խարիսխ և հատուկ բույ, որն օգտագործվում էր նավի խարիսխը գցելիս։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նավը կարող էր խարիսխ գցած վիճակում լինել մինչև խորտակվելը։ Սակայն հետազոտողներն ընդգծել են, որ առկա տվյալները բավարար չեն վստահ եզրակացությունների համար։

Նավի անվանումը, գրանցման նավահանգիստը և նշանակման կետը ճշգրտորեն պարզել առայժմ հնարավոր չէ։ Հնագետները ենթադրում են, որ կորպուսի լրացուցիչ մասեր կարող են գտնվել պեղումների վայրից արևելք․ այդ տարածքը դեռ չի ուսումնասիրվել։

Նավաբեկության հայտնաբերումից հետո գազատարի երթուղին փոխվել է, նավի պահպանված մասերը ծածկվել են ավազապարկերով։ Հնագետները դրանք համարում են յուրատեսակ «ժամանակի կապսուլա», որը կարող է օգնել վերականգնել Գրայֆսվալդի ծոցում նավագնացության պատմությունը։

Վերջին տարիներին ծոցում հայտնաբերվել են տասնյակ խորտակված նավեր։ Ստորջրյա գազային, նավթային և էներգետիկ օբյեկտների շինարարությունը հանգեցրել է ծովի հատակի ակտիվ ուսումնասիրման և նոր հնագիտական գտածոների։ Այդպիսի յուրաքանչյուր նավ առանձին բեկորներ է ավելացնում Բալթիկայում ծովային առևտրի և նավագնացության պատմությանը, որը դարեր շարունակ Բալթիկ ծովը կապել է Եվրոպայի ներքին շրջանների հետ Օդեր գետի միջոցով։