Եվրամիության 17 երկրների և Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները շաբաթ օրը քննարկել են արտաքին սահմաններում վերահսկողության ուժեղացման, արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակի կրճատման և որոշ միգրանտների վերադարձն արագացնելու միջոցները, հայտնել է Associated Press-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ միգրացիայի և ապաստանի մասին փաթեթի իրականացման ֆոնին, որն ուժի մեջ է մտել հունիսին։ Բլոկի երկրները ձգտում են ուժեղացնել միգրացիայի վերահսկողությունը և մշակել լրացուցիչ մեխանիզմներ սահմաններում հնարավոր նոր ճգնաժամերի դեպքում։

Հանդիպման մասնակիցների հայտարարությունները հնչել են Եվրոպայում վերջին ամիսներին ապաստանի դիմումների թվի նկատելի կրճատման ֆոնին։ Կրճատվել է նաև Միջերկրական ծովը հատելու փորձ կատարող միգրանտների թիվը, սակայն վտանգավոր ծովային երթուղիները նախորդ տարվա համեմատ դարձել են էլ ավելի մահաբեր։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտնել է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր համաեվրոպական մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ խոսքը մասնավորապես այն իրավիճակների մասին է, երբ Եվրոպան բախվում է սահմանների ապօրինի հատման ալիքների։

Որպես օրինակ Դոբրինդտը նշել է Մարոկկոյի հետ սահմանակից իսպանական Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը, որը նախկինում տարաձայնությունների պատճառ էր դարձել եվրոպական երկրների միջև։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ը պետք է մշակի հստակ կանոններ սահմաններում արտակարգ իրավիճակները սահմանելու համար, դրանց օպերատիվ արձագանքման մեխանիզմ և որոշ միգրանտների արագացված վերադարձի համակարգ։

Դոբրինդտը նաև հույս է հայտնել, որ Սահմանապահ և առափնյա պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, կկարողանա մասնակցել միգրանտների վերադարձի գործընթացին։

Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները հայտնել է, որ արտաքին սահմանների պաշտպանությունն իրականացվող բարեփոխումների առանցքային տարրերից մեկն է, և այդ ուղղությամբ արդեն առաջընթաց է գրանցվել։

«Անօրինական միգրացիան կտրուկ նվազել է», — ասել է Բրուները։ Նրա խոսքով՝ վերջին երկու տարում դրա մակարդակը նվազել է 55 տոկոսով, վերջին մեկ տարում՝ ևս մեկ երրորդով։

«Մենք՝ եվրոպացիներս, ցանկանում ենք ինքներս որոշել, թե ով կարող է մնալ Եվրոպայում, իսկ նրանք, ովքեր չեն կարող մնալ, պետք է լքեն այն», — հայտարարել է եվրահանձնակատարը՝ հավելելով, որ հենց սա է իրականացվող փոփոխությունների էությունը։