Caterham-ը փակում է լեգենդար Seven սպորտային ավտոմեքենայում Ford շարժիչների գրեթե 70-ամյա պատմությունը։ Ընկերությունը թողարկել է Seven 310 Encore հատուկ սերիան, որի կազմում ընդգրկվել են պահպանված վերջին 25 հատ 1,6 լիտրանոց Sigma շարժիչները, գրել է Autocar-ը։
Այս մոդելի համար Sigma-ն պարզապես հերթական շարժիչը չէր, այլ նրա բազմամյա պատմության մի մասը։

Երբ Lotus-ի հիմնադիր Քոլին Չեփմենը 1957 թվականին ներկայացրեց առաջին Seven-ը, թեթև սպորտային ավտոմեքենայի թափքի տակ տեղադրված էր Ford չորս մխոցանի պարզ շարժիչ։ Մեքենան նախատեսված էր նրանց համար, ովքեր ցանկանում էին ունենալ սպորտային ավտոմեքենա՝ առանց հսկայական ծախսերի, և նույնիսկ կարող էին այն հավաքել ինքնուրույն։
1973 թվականին Seven-ի արտադրությունն անցավ Caterham-ին։ Տասնամյակների ընթացքում մոդելն ունեցել է տարբեր շարժիչներ, այդ թվում՝ Rover և Vauxhall, սակայն Ford-ի չորս մխոցանի շարժիչները երկար ժամանակ մնացին նրա սովորական ուժային ագրեգատը։ Վերջին տարիներին այս դերը կատարում էր 1,6 լիտրանոց մթնոլորտային Sigma-ն։

Sigma շարժիչի արտադրությունը դադարեցվել էր դեռևս 2020 թվականին։ Caterham-ը նախապես պահպանել էր շարժիչների պաշար, որպեսզի ավարտի արդեն պատվիրված ավտոմեքենաների արտադրությունը։ Այժմ դրանք էլ են սպառվել։ Վերջին 25 շարժիչները ընկերությունը որոշել է օգտագործել Seven-ի հատուկ տարբերակի՝ Encore-ի համար։
Հրաժեշտի այս սերիայի համար Sigma-ն ստացել է ամենահզոր կարգավորումը Seven-ի վրա այս շարժիչի տեղադրման ողջ պատմության ընթացքում։ Սպորտային բաշխիչ լիսեռների և էլեկտրոնիկայի վերակարգավորման շնորհիվ շարժիչը զարգացնում է 152 ձիաուժ՝ րոպեում 7 000 պտույտի դեպքում, և 168 Նմ պտտող մոմենտ։

Առաջին հայացքից այս թվերը կարող են համեստ թվալ սպորտային ավտոմեքենայի համար։ Սակայն Seven-ը կշռում է 600 կիլոգրամից քիչ՝ մոտ երկու անգամ պակաս, քան շատ ժամանակակից ավտոմեքենաներ։ Այդ պատճառով հզորությունը բավարար է, որպեսզի այն մինչև 97 կմ/ժ արագանա հինգ վայրկյանից պակաս ժամանակում։
Միևնույն ժամանակ, մեքենայի բնավորությունն ավելի կարևոր է, քան չոր թվերը։ Seven-ը գրեթե ակնթարթորեն արձագանքում է գազի ոտնակի սեղմմանը և ղեկի շարժմանը։ Վարորդը շատ ցածր է նստած ճանապարհի նկատմամբ և զգում է ավտոմեքենայի վարքագծի յուրաքանչյուր փոփոխությունը։ Հնգաստիճան մեխանիկական փոխանցատուփը թույլ է տալիս ակտիվ աշխատել շարժիչի հետ, իսկ կողքից տեղադրված արտանետման համակարգը բառացիորեն գտնվում է վարորդից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։

Encore-ը ստացել է նաև Seven-ի ավելի սպորտային տարբերակներից մի շարք դետալներ՝ սպորտային կախոց, ինքնաբլոկավորվող դիֆերենցիալ և թեթևացված ճոճանակ։ Արտաքինից ավտոմեքենան կարելի է ճանաչել առջևի փոփոխված հատվածով, երեք երկայնական գծերով և հատուկ խորհրդանշաններով։ Դրա համար պատրաստվել են մի քանի անսովոր գույներ, որոնք անվանվել են հայտնի երաժշտական ստեղծագործությունների պատվին, այդ թվում՝ Blue Monday, Yellow Brick Road և Back in Black։
Գնորդները կարող են ընտրություն կատարել ստանդարտ նեղ S3 թափքի և ավելի լայն SV տարբերակի միջև։ Բացի այդ, ավտոմեքենան ստացել է 13 դյույմանոց թեթև համաձուլվածքային անվահեծեր և Toyo սպորտային անվադողեր։
Չնայած սպորտային բնավորությանը՝ Seven-ը չի պահանջում մշտապես վարել հնարավորությունների առավելագույն սահմանում։ Հենց փոքր զանգվածն է թույլ տալիս ավտոմեքենային մնալ գրավիչ նույնիսկ սովորական ճանապարհին։ Մեքենան արագ արձագանքում է վարորդի գործողություններին, բայց միաժամանակ թույլ է տալիս զգալ կառավարման բուն ընթացքը՝ այն, ինչը ժամանակակից ծանր ավտոմեքենաներում էլեկտրոնային համակարգերի առկայությամբ ավելի հազվադեպ է դառնում։
Այսպիսի կառուցվածքն ունի նաև հակառակ կողմ։ Seven-ը մնում է շատ կոմպակտ և նեղ ավտոմեքենա, նրա փափուկ տանիքը տեղադրելու առումով հարմար չես անվանի, ամենօրյա երթևեկության համար այն բոլորին չէ, որ կհամապատասխանի։ Seven 310 Encore-ի S3 տարբերակի՝ ինքնուրույն հավաքման համար նախատեսված մեկնարկային գինը սկսվում է 39 995 ֆունտ սթեռլինգից։
Sigma-ի ուղիղ իրավահաջորդը ճանապարհային Seven-ների համար առայժմ չկա։ Academy մրցարշավային սերիայի համար Caterham-ը պատրաստում է նոր 1,3 լիտրանոց տուրբոշարժիչ, սակայն ճանապարհային ավտոմեքենաներում այս շարժիչի օգտագործման վերաբերյալ որոշումը դեռ չի ընդունվել։
Այդ պատճառով Encore-ը դառնում է 1957 թվականին սկսված պատմության յուրատեսակ վերջակետը։ Sigma շարժիչներով վերջին 25 Seven-ները պահպանում են այն ավանդույթը, որը բրիտանական սպորտային ավտոմեքենան գրեթե յոթ տասնամյակ կապել էր Ford-ի փոքրածավալ շարժիչների հետ։





























