Ժամանակակից Թուրքիայի տարածքի հարավ-արևելքում գտնվող Պորտասարում հայտնաբերված առաջին չվնասված մարդկային գերեզմանատեղիներն օգնել են հնագետներին մոտենալ երկարամյա առեղծվածի լուծմանը․ ինչո՞ւ էին հազարավոր տարիներ առաջ մարդկային ոսկորները ցրվել այս հնագույն հուշարձանի տարածքում, այդ թվում՝ մոնումենտալ կառույցների ներսում։

1995 թվականից ի վեր հնագետներն այստեղ հայտնաբերել են մարդկային ոսկորների 928 բեկոր։ Դրանք պատկանել են տարբեր տարիքի տղամարդկանց, կանանց և երեխաների և ներկայացրել են մարդու մարմնի գրեթե բոլոր մասերը։ Մնացորդների տարիքը գնահատվում է մոտ 10 հազար տարի․ դա այն ժամանակաշրջանն էր, երբ մարդիկ աստիճանաբար անցնում էին նստակյաց կյանքի և մշտական երկրագործական բնակավայրերի ստեղծման։

Անսովորն այն էր, որ ոսկորները գտնում էին ոչ թե հստակ առանձնացված գերեզմաններում, այլ ամբողջ հուշարձանի տարածքով մեկ ցրված։ Որոշ բեկորներ ունեին հետքեր, որոնք հետազոտողները մեկնաբանում էին որպես թաղման ծեսերի հնարավոր վկայություններ, սակայն այս վարկածի համոզիչ ապացույցներ մինչև այժմ չկային։

Այժմ գիտնականները հնարավորություն են ստացել համեմատել ցրված մնացորդները Պորտասարում հայտնաբերված առաջին համեմատաբար ամբողջական թաղումներից ստացված ոսկորների հետ։ Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում, Գյոթինգենի Գեորգ Ավգուստի անվան համալսարանից Յուլիա Գրեսկին և Թուրքիայում Գերմանական հնագիտական ինստիտուտից Լի Կլարեն ուսումնասիրել են երկու նման գերեզման։

Մի գերեզմանում գտնվում էր երիտասարդ կնոջ մարմին, որը դրված էր քարերի շերտի վրա։ Երկրորդ թաղումը կոլեկտիվ էր․ այնտեղ առնվազն երեք մարդու մնացորդներ կային, ընդ որում՝ նրանց ոսկորները տեղաշարժված էին սկզբնական դիրքի համեմատ։

Հետազոտողները լաբորատորիայում ուսումնասիրել են մնացորդները՝ ուշադրություն դարձնելով բնական վնասման նշաններին՝ կոտրվածքներ, կրծողների կծած հետքեր և հաստ հանքային նստվածքներ, որոնք առաջացել էին ոսկորների մակերեսին։ Պարզվել է, որ այդ ոսկորներն ունեն նույնպիսի բազմաթիվ հետքեր, ինչպիսին Պորտասարի տարածքով ցրված բեկորները։

Այս դիտարկումը կարող է բացատրել առեղծվածային գտածոների զգալի մասը։ Գիտնականների կարծիքով՝ բազմաթիվ ցրված բեկորներ սկզբնապես կարող էին գտնվել լանջի ավելի բարձր հատվածում գտնվող գերեզմաններում։

Ժամանակի ընթացքում էրոզիան և սողանքները կարող էին հողն ու բեկորային նյութը տեղափոխել ներքև՝ իրենց հետ տանելով վնասված մարդկային ոսկորները։ Արդյունքում՝ դրանք կարող էին հայտնվել ներքևում գտնվող մոնումենտալ կառույցների ներսում։

Այսպիսով, ոսկորների առնվազն մի մասը, որոնք նախկինում կարող էին ընկալվել որպես հատուկ թաղման ծեսերի վկայություն, հնարավոր է, որ նոր վայրում հայտնվեին բնական գործընթացների հետևանքով։

Միևնույն ժամանակ, հետազոտողները չեն համարում, որ առեղծվածը լիովին լուծված է։ Նրանք նշում են, որ հողի տեղաշարժը լավ է բացատրում մնացորդների բաշխման բազմաթիվ առանձնահատկություններ, բայց չի բացառում թաղման այլ պրակտիկաների գոյությունը։ Նման ծեսերը կարող էին գոյություն ունենալ բնական ճանապարհով ոսկորների տեղաշարժի հետ միաժամանակ կամ առաջանալ հուշարձանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում։