ՆԱՏՕ-ն փորձում է իր ազդեցությունը տարածել դաշինքի պատասխանատվության աշխարհագրական գոտու սահմաններից շատ հեռու, այդ թվում՝ Հարավարևելյան և Հյուսիսարևելյան Ասիայի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Լավրովի խոսքով՝ կայուն խաղաղություն կարող է ապահովվել միայն համաշխարհային խոշորագույն խաղացողների միջև վտանգավոր մրցակցության դադարեցումից հետո։ Նա հայտարարել է, որ դրան կարելի է հասնել ՄԱԿ կանոնադրության պահպանման և հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքի հիման վրա։

«Այս սկզբունքը նշանակում է հրաժարում մեկ պետության անվտանգության ապահովումից՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին, ինչպես նաև անթույլատրելի է, որ որևէ երկիր, երկրների խումբ կամ կազմակերպություն հավակնի գերիշխանության անվտանգության ոլորտում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ սա առաջին հերթին վերաբերում է ՆԱՏՕ-ին, որը, ինչպես հայտարարել է Լավրովը, փորձում է ընդլայնել ազդեցությունը իր աշխարհագրական պատասխանատվության գոտու սահմաններից դուրս։

«Ներառյալ՝ Հարավարևելյան Ասիան և Հյուսիսարևելյան Ասիան»,- հստակեցրել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև հայտարարել է, որ իրավահավասար միջազգային համագործակցության գաղափարներն ընկած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Եվրասիական գործընկերության և համաեվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման նախաձեռնությունների հիմքում։