Պարագվայի Սենատը նոյեմբերի 6-ին իմպիչմենտի արդյունքում պաշտոնից հեռացրել է նախագահ Սանտյագո Պենյային, իսկ ավելի ուշ ոստիկանությունը դատախազության կարգադրությամբ նրան ձերբակալել է Ասունսիոնում գտնվող մասնավոր նստավայրում, հայտնում է ABC Color-ը։

Պետության նախկին ղեկավարը կմնա տնային կալանքի տակ՝ մինչև դատախազության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանման տրամադրության տակ հանձնվելը։

Պենյային պաշտոնից հեռացնելու օգտին քվեարկել է 44 սենատոր։ Նա պատասխանատու է ճանաչվել իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար՝ Ueno բանկի շուրջ ճգնաժամի, կենսաթոշակային հիմնադրամների խնդիրների և ֆինանսական կառույցի շահերից ելնելով պետական միջոցներն օգտագործելու մեղադրանքների ֆոնին։ Սենատի որոշումից հետո նախագահի լիազորություններն անցել են փոխնախագահ Պեդրո Ալյանային, որը նույն օրը երդում է տվել։

Նոյեմբերի 6-ի երեկոյան Ազգային ոստիկանության աշխատակիցները ժամանել են Պենյայի մասնավոր նստավայր և նրան տեղեկացրել դատախազության կարգադրության մասին։

EFE գործակալության և ABC Color թերթի տվյալներով՝ նախկին նախագահը պաշտոնապես կալանքի է ենթարկվել և թողնվել տանը՝ ոստիկանության հսկողության ներքո, մինչև քննչական մարմիններին հանձնվելը։

Հետաքննությունը կապված է Ueno Bank-ի շուրջ տնտեսական հանցագործությունների գործի հետ։ Նույն գործով դատախազությունը կարգադրել է ձերբակալել Պարագվայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Կառլոս Կարվալյո Սպալդինգին։

Պենյայի պաշտոնանկությունն ու դրան հաջորդած ձերբակալությունը տեղի են ունեցել քաղաքական և ֆինանսական սուր ճգնաժամի ֆոնին։ Ueno Bank-ի խնդիրներն անդրադարձել են միլիոնավոր հաճախորդների վրա, իսկ միջոցների հասանելիության սահմանափակումները մտահոգություն են առաջացրել ավանդատուների և կենսաթոշակառուների շրջանում։