«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը մինչ թաղապետ նշանակվելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում՝ Հատուկ քննչական ծառայությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա անունը վերջին շրջանում հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ Ավանի թիվ 57 մանկապարտեզի նախկին տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի աշխատանքային վեճի պատճառով։ Տնօրենը դատարանի միջոցով վերականգնվել է պաշտոնում, սակայն պնդում է, որ աշխատանքի վերադառնալուց հետո բախվել է խոչընդոտների։ Նա նաև բարձրաձայնել է ստեղծված իրավիճակում Վահե Հակոբյանի հնարավոր առնչության մասին։
ArmLur.am-ն այս անգամ ուսումնասիրել է Ավանի թաղապետի կենսագրությունը, նրա անցած աշխատանքային ուղին, մանկապարտեզի տնօրենի հետ կապված աղմկահարույց պատմությունը և 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիրը՝ պարզելու, թե ով է Վահե Հակոբյանը և ինչ ունեցվածք ունի։
Իրավապահ համակարգից՝ թաղապետի պաշտոն․
Վահե Մանվելի Հակոբյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Երևանում։
2007-2011 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ 2011-2013 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Պաշտպանության նախարարության հրետանային դիվիզիոնում։
Մասնագիտական գործունեությունը սկսել է իրավապահ համակարգում։ 2015-2017 թվականներին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործերի կառավարչությունում՝ որպես գործերի կառավարիչ։ 2017-2018 թվականներին եղել է նույն կառույցի գործերի կառավարչության բաժնի պետը, իսկ 2018-2021 թվականներին՝ Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը։
2021 թվականին տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ սկզբում զբաղեցրել է գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի, ապա՝ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար։ Հակոբյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Մանկապարտեզի տնօրենի աղմկահարույց գործը․
ArmLur.am-ը արձանագրեց, որ Հակոբյանի անունը վերջին շրջանում հիշատակվում է Ավանի թիվ 57 մանկապարտեզի նախկին տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի աշխատանքային վեճի համատեքստում։
Հովհաննիսյանը վիճարկել է աշխատանքից ազատման որոշումը և դատարանի միջոցով հասել իր նախկին պաշտոնում վերականգնմանը։ 2026 թվականի հուլիսի 8-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է նրա բողոքը, անվավեր ճանաչել չորս կարգապահական տույժերը և որոշում կայացրել նրան աշխատանքում վերականգնելու վերաբերյալ։ Դատարանը նաև անդրադարձել է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի փոխհատուցմանը։
Սակայն դատական որոշումից հետո պատմությունը չի ավարտվել։ Տնօրենի պնդմամբ՝ աշխատանքի վերադառնալուց հետո առաջացել են խոչընդոտներ, և նա բարձրաձայնել է, որ իր վերադարձին առնչվող գործընթացներում կարող են ներգրավված լինել նաև այլ պաշտոնյաներ։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հովհաննիսյանը իրավապահ մարմիններին դիմել է՝ խնդրելով ուսումնասիրել նաև Վահե Հակոբյանի հնարավոր առնչությունը ստեղծված իրավիճակին։
Ի՞նչ ունեցվածք ունի նա․
Անշարժ գույք և տրանսպորտ․
ArmLur.am-ը արձանագրեց, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հայտարարագրում անշարժ գույք չի նշել։ Ըստ ներկայացված տվյալների՝ տարվա սկզբին և վերջում նրա անունով անշարժ գույք չի հայտարարագրվել։ Նույն պատկերը տրանսպորտային միջոցների մասով է․ հայտարարագրում չկան ո՛չ ավտոմեքենաներ, ո՛չ այլ տրանսպորտային միջոցներ։
Պաշտոնյան չի հայտարարագրել նաև արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ, փոխառություններ կամ 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք։
Դրամական միջոցներ․
ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև թաղապետի բանկային հաշիվների մնացորդները։ Եթե 2025 թվականի սկզբին նրա յոթ բանկային հաշիվներում ընդհանուր առմամբ եղել է 442 հազար դրամ, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 2 մլն 36 հազար դրամ։
Հաշիվների հայտարարագրված մնացորդները հետևյալն են՝ 1 մլն 423 հազար 834.57 դրամ, 60 հազար 181.2 դրամ, 18 հազար 6.5 դրամ, 390 հազար 696 դրամ, 95 հազար 427.51 դրամ, 1.3 դրամ և 47 հազար 778.93 դրամ։
Բացի այդ, Վահե Հակոբյանը տարվա սկզբին և վերջում ունեցել է 8 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Այսինքն՝ կանխիկ դրամական միջոցների չափը տարվա ընթացքում չի փոխվել։
Եկամուտներ և պարտավորություններ․
ArmLur.am-ը պարզեց, որ 2025 թվականի ընթացքում Վահե Հակոբյանի միակ հայտարարագրված եկամուտը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է՝ 12 մլն 858 հազար 124 դրամ։
Հայտարարագրում առկա են նաև ֆինանսական պարտավորություններ։ Մասնավորապես, պաշտոնյան նշել է 5 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով, ինչպես նաև 1 մլն 920 հազար 979 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։
Հատկանշական է, որ հայտարարագրում 2025 թվականի ընթացքում արված խոշոր ծախսեր չեն արձանագրվել։ Վահե Հակոբյանը չի նշել հանգստի, գույքի վարձակալության, ուսման, վերանորոգման, վարկի մարման կամ 2 մլն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր։
Քաղաքական գործունեություն․
Վահե Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և հայտարարագրում նշել է, որ կուսակցության տարածքային խորհրդի նախագահն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























