Nissan Motor-ը Ճապոնիայի ներքին շուկայում առաջարկել է Serena մինիվենի հատուկ տարբերակը՝ նվիրված մոդելի առաջին սերնդի թողարկման 35-ամյակին։ Նոր տարբերակը մի շարք ոճային առանձնահատկություններով տարբերվում է Serena-ի ստանդարտ վարկածից։
Մասնավորապես, հոբելյանական համալրմամբ մեքենայի թափքը երկգույն է։ Հասանելի են գույների երկու համադրություններ՝ dark metal gray + diamond black և moonbow blue + diamond black։ Կողային հայելիների պատյանները բոլոր դեպքերում ներկվում են փայլուն սև գույնով։ Արտաքին տեսքը լրացնում են նաև յուրօրինակ դիզայնով թեթևաձույլ անվահեծերը, որոնց դիմային մակերեսը մասամբ ֆրեզերով մշակված է, հայտնում է Drom.ru-ն։
Սրահի առանձնահատկություններն են երկրորդ շարքի առավել հարմարավետ նստատեղերն ու առջևի վահանակի՝ սևափայտի նմանակմամբ դեկորատիվ ներդիրները։
Միաժամանակ Nissan-ը հայտարարել է, որ Serena Highway Star V-ն այժմ ստանդարտ համալրմամբ հագեցած է հեռահար լույսի ավտոմատ կառավարման համակարգով։
Nissan Serena-ն Ճապոնիայում առաջարկվում է բենզինային և հիբրիդային վարկածներով։ Բենզինային վարկածը հագեցած է 2,0 լիտրանոց շարժիչով (150 ձիաուժ), իսկ հիբրիդայինը՝ հաջորդական տիպի e-Power համակարգով, որի կազմում աշխատում է 1,4 լիտրանոց շարժիչ։ Քարշային էլեկտրաշարժիչի հզորությունը 120 կՎտ է (163 ձիաուժ), պտտապահը՝ 315 Նմ։ Հիբրիդն առաջարկվում է միայն առջևի քարշակով։ Բենզինային վարկածը հասանելի է նաև լիաքարշակ տարբերակով։




























