ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ մի շարք հեռախոսազրույցների մասին և վստահություն հայտնել, որ դրանց արդյունքում կարող է լայնածավալ համաձայնագիր կնքվել եվրոպական երկրների մասնակցությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Մենք աշխատանքային հանդիպումներ ենք անցկացնում։ Այսօր հեռախոսազրույցներ եմ ունեցել։ Վաղը նույնպես կլինեն», — լրագրողներին ասել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ է քննարկել իրավիճակը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ համաձայնագիրը վերաբերելու է ոչ միայն Ուկրաինային, այլև, հնարավոր է, ողջ Եվրոպային։ Թրամփի խոսքով՝ այն կարող է դառնալ «մեծ, հրաշալի համաձայնագիր», որից բոլորը գոհ կմնան։ Հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ նա չի ներկայացրել։
Այս հայտարարությունները հնչել են Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ Թրամփի հանդիպումից հետո։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները Բրյուսելում քննարկել են Կիևի անվտանգության երաշխիքները և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությունը։
Հաջորդ շաբաթ Աբու Դաբիում սպասվում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։ Սակայն հնարավոր համաձայնագրի կոնկրետ պարամետրերը դեռ չեն հայտարարվել։




























