Yelaket.am-ը գրում է.
«Եթե Play City-ին չբացվի, ես չեմ հասցնի իմ որակավորման 4-րդ փուլն անցնել և բաց կթողնեմ Աշխարհի առաջնության եզրափակիչը»,- 14-ամյա Ջոյի էլ Ռահիի և հայկական ավտոսպորտի տասնյակ այլ պատանիների համար սպորտային կարիերան հայտնվել է փակուղում։ Պատճառը մարզական չէ, այլ իրավական. «Play City»-ում ընթացող քննչական գործողությունների հետևանքով Հայաստանի միակ ավտոմրցուղին փակ է։
Այս մասին բարձրաձայնվեց Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) և «SH Racing» թիմի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ ներկայացվեցին քարթինգի ոլորտում ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու դրա լուրջ հետևանքները։
Վտանգված է մասնակցությունը քարթինգի աշխարհի խոշորագույն վարկանիշային համակարգին՝ Sodi World Series (SWS)-ին, որը միավորում է ավելի քան 100 երկրի տասնյակ հազարավոր մրցարշավորդների։ Տարվա ընթացքում անցկացվող պաշտոնական մրցաշարերում հավաքած միավորներով է ձևավորվում համաշխարհային դասակարգման աղյուսակը, որի լավագույն մարզիկներն արժանանում են SWS Աշխարհի եզրափակչի ուղեգրին։
Այս հարթակում հանդես գալը հայ պատանի մարզիկների համար միջազգային պրոֆեսիոնալ ասպարեզ դուրս գալու, պաշտոնական վարկանիշ ձեռք բերելու և համաշխարհային ավտոսպորտի քարտեզի վրա Հայաստանի անունն ամրագրելու ամենաուղիղ ճանապարհն է։
Այժմ, սակայն, մարզումային ավտոմրցուղու փակ լինելու պատճառով հայ մարզիկների ամիսների աշխատանքը, միջազգային վարկանիշն ու երկիրը պատվով ներկայացնելու հնարավորությունը հայտնվել են իրական վտանգի առաջ:
Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի հիմնադիր Սիրական Համբարձումյանը հստակեցրեց, որ մարզիկներն ու ակադեմիան որևէ հավակնություն չունեն խառնվելու իրավական ու քննչական գործընթացներին։
«Մենք ուղղակի խնդրում ենք լուծում տալ սպորտային մասին․ ակադեմիան, թիմը և ծնողները միասին նամակ են հղել քննչական մարմիններին՝ հայցելով թույլտվություն՝ որոշակի ժամերի և օրերի ընթացքում սպորտային պարապմունքներն անցկացնելու համար»։
Մարզումների դադարն արդեն իսկ կրիտիկական է դառնում մարզիկների համար։ Ավտոսպորտում մարզավիճակի պահպանումը չափազանց կարևոր է, և երեխաները սովորաբար մարզվում են շաբաթական առնվազն երկուսից երեք անգամ։
Ըստ մարզիչ Ռոդիոն Կռիլովի՝ մեկ ամսվա պարապուրդի դեպքում մարզիկի վերականգնումը տևում է երեքից չորս ամիս, իսկ պատանիներն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ դուրս չեն եկել մրցուղի։
Բացի այդ, դպրոցական ծանր գրաֆիկի պատճառով այլընտրանքային տարբերակներ գտնելը գրեթե անհնար է․ երեխաները չեն կարող ամեն շաբաթ-կիրակի ճամփորդել հարևան Վրաստան՝ մեկօրյա մարզումների համար, ուստի անհրաժեշտ է տեղական լուծում։
16-ամյա մարզիկ Ռեա Մկրտչյանը, ով նոր է սկսել իր ուղին ավտոսպորտում, նույնպես ընդգծեց, որ յուրաքանչյուր բաց թողնված պարապմունք հետ է մղում իրենց արձանագրած արդյունքները։
Չնայած առկա ճգնաժամին՝ հայկական ավտոսպորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցում։ Ռոդիոն Կռիլովի փաստմամբ՝ ընդամենը երեք տարվա ընթացքում ակումբի սաների ու մասնակիցների թիվը 10-ից հասել է շուրջ 700 պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկների։
Ուստի, հրավիրված ասուլիսի առաջնային նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ընթացիկ խնդրի վրա և գտնել կարճաժամկետ լուծում, այլև բարձրաձայնել շատ ավելի մեծ ու ռազմավարական մարտահրավերի մասին․ Հայաստանին օդի պես անհրաժեշտ է միջազգային չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ ավտոմրցուղի։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։




























