Թուրքիայում դատարանի որոշմամբ արգելափակել են լրագրող Ալի Թարաքչիի X-ի էջը՝ նախարարներից մեկի հնարավոր հրաժարականի մասին գրառումից հետո, հայտնում է Karar-ը։

Ավելի վաղ լրագրողին ձերբակալել էին ապատեղեկատվություն տարածելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։

Սեպտեմբերի 23-ին Թարաքչին X-ում գրել էր. «Ուրբաթ օրը շատ կարևոր մի նախարար հրաժարական է տալու»։ Այս գրառումից հետո Անկարայի դատախազությունը սեպտեմբերի 25-ին հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 217/Ա հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում ակնհայտ կեղծ լուրեր տարածելու համար։

Գիշերը լրագրողին ձերբակալել են։ Գործի շրջանակում որոշում է կայացվել նաև խուզարկել նրա բնակարանը, առգրավել էլեկտրոնային սարքավորումներն ու ուսումնասիրել դրանց պարունակությունը։

Անկարայի 7-րդ քրեական դատարանը, քննելով դատախազության միջնորդությունը, որոշել է հեռացնել Թարաքչիի հրապարակումը և արգելափակել դրա հասանելիությունը։ Որոշման մեջ նշվում է, որ գրառումը դիտարկվում է 217/Ա հոդվածով ընթացող քննության շրջանակում։

Հիմնվելով № 5651 օրենքի 8/Ա հոդվածի վրա՝ դատարանն ընդգծել է, որ հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումներն ու լուսանկարները վտանգում են ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը։

Ընդ որում, դատարանի որոշումը չի սահմանափակվել միայն տվյալ գրառումով․ ամբողջությամբ արգելափակվել է Թարաքչիի X-ի անհատական էջը (@alitarakcii)։

Որոշման պատճենը UYAP տեղեկատվական համակարգով անհապաղ ուղարկվել է Թուրքիայի նախագահին առընթեր Կիբեռանվտանգության վարչություն։

Լրագրողի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։