Գերմանիայում մաքսային ծառայության ավելի քան 2,2 հազար աշխատակից շաբաթ օրը ստուգումներ է անցկացրել գեղեցկության սրահներում՝ չհայտարարված զբաղվածությունը և աշխատավարձի վճարման խախտումները բացահայտելու համազգային արշավի շրջանակում, հաղորդել է dpa-ն։
Մաքսավորները, մասնավորապես, ստուգել են՝ արդյո՞ք աշխատակիցները պաշտոնապես գրանցված են, ունեն անհրաժեշտ ապահովագրություն և ստանում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ պակաս։ Քյոլնի գլխավոր մաքսային վարչության ներկայացուցիչ Յենս Ահլանդի խոսքով՝ տեսուչները հատուկ ուշադրություն են դարձրել Քյոլնում և նրա շրջակայքում գտնվող «բարբրշոփներին»։
«Այս ձեռնարկությունները հաճախ մեր ուշադրությունն են գրավում չհայտարարված աշխատանքի պատճառով», — հայտնել է Ահլանդը։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում աշխատակիցներն ընդհանրապես ապահովագրված չեն եղել կամ ունեցել են անբավարար ապահովագրություն։ Բացի այդ, աշխատողներին կարող էին վճարած լինել օրենքով սահմանված նվազագույնից պակաս։
«Մենք նաև ունեցել ենք ապօրինի աշխատանքի տեղավորման և կեղծ ինքնազբաղվածության դեպքեր», — հավելել է մաքսային ծառայության ներկայացուցիչը։
Նման ստուգումներն անցկացվում են՝ այն դեպքերը բացահայտելու համար, երբ գործատուները թաքցնում են աշխատանքի ընդունման փաստը, չեն կատարում սոցիալական ապահովագրության պարտավորությունները կամ օգտագործում են սխեմաներ, որոնք թույլ են տալիս շրջանցել աշխատանքային օրենսդրության պահանջները։
Ստուգումներն անցկացվել են ամբողջ Գերմանիայում, սակայն մաքսավորները հատկապես ակտիվ են աշխատել երկրի արևմուտքում՝ վարսահարդարման ծառայությունների ոլորտում։




























