Հնագետներն Իտալիայի հին էտրուսկյան Վուլչի քաղաքում հայտնաբերել են մոնումենտալ դամբարան, որը կառուցվել է մ.թ.ա. VII դարի վերջին, գրել է Archaeology News առցանց ամսագիրը։

Թաղման երեք խցերում հետազոտողները գտել են հազվագյուտ առարկաներ՝ հունական կերամիկա, զենք, մարտակառքի մասեր, ոսկուց և բրոնզից իրեր, փորագրված ոսկոր և փղոսկր, ինչպես նաև անսովոր գտածո՝ կանացի կոշիկներ։

Բացահայտումն արվել է 2026 թվականի հնագիտական արշավի ընթացքում՝ հին Վուլչիի տարածքում գտնվող Պոլեդրարա նեկրոպոլիսում։ Հետազոտողները նաև հայտնաբերել են Գզել բլրի շրջանաձև պարիսպը, որը դեռ 1889 թվականին առաջին անգամ արձանագրել էր Հռոմի ֆրանսիական դպրոցը։ Մինչ այդ այն ամբողջությամբ ուսումնասիրել չէր հաջողվել։

Նոր դամբարանն անվանել են Քարե խցի դամբարան։ Այն եղել է թաղման մեծ համալիրի մաս և փորվել էր Ֆիորա գետի հին հունի հետ կապված շերտերում։ Գլխավոր խուցը զարմանալիորեն լավ էր պահպանվել՝ չնայած XX դարում այստեղ իրականացված բազմաթիվ ապօրինի պեղումներին։ Դրա պատերը շարված են եղել հրաբխային նենֆրո քարի խոշոր բլոկներից։

Փլուզված ծածկերը և խցերի կառուցվածքները շատ առարկաներ պաշտպանել են հետագա ավերումներից։ Դրա շնորհիվ հնագետները կարողացել են հայտնաբերել թաղման գույքի մի քանի խմբեր և առանձին իրեր գրեթե հենց այն տեղերում, որտեղ դրանք գտնվել էին հնում։

Գտածոների մեջ են Ատտիկայի և Կորնթոսի հունական անոթներ, ճոխ զարդարված տեղական կերամիկա և բուկերո տեսակի անոթներ՝ էտրուսկներին բնորոշ մուգ, փայլուն մակերեսով կերամիկա։ Դամբարանում նաև հայտնաբերվել են զենք, մարտակառքի մասեր, երկաթե շամփուրներ, ոսկե և բրոնզե թիթեղներ, ոսկորից և փղոսկրից պատրաստված իրեր, ինչպես նաև հագուստի և անձնական զարդարանքի բազմաթիվ առարկաներ։

Կողային խցերից մեկում գտել են բրոնզե եռոտանի և ալեբաստրե լամպ։ Հետազոտողների կարծիքով՝ լամպը կարող էր ծագած լինել Եգիպտոսի Նավկրատիս շրջանից կամ Հռոդոս կղզուց։

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում խնջույքի ծեսերի հետ կապված անոթների հավաքածուն՝ ֆիալաներ, օլպաներ, հիդրիաներ և Պոլեդրարայի տեղական տիպի դինոներ՝ վառ գունազարդմամբ։ Որոշ անոթներ պահպանվել են իրենց սկզբնական դիրքով։ Մյուս առարկաների թվում են բուկերո, գինի պատրաստելու քերիչ և իոնիական «վայրի այծ» ոճով պատրաստված մեծ բազմագույն գավաթ։

Գտածոների բազմազանությունը վկայում է մ.թ.ա. VII դարի վերջին Վուլչիի լայն առևտրական և մշակութային կապերի մասին։ Այդ շրջանում քաղաքում ձևավորվել էր հարուստ էլիտա, որը կապեր էր պահպանում Միջերկրական ծովի տարբեր տարածաշրջանների հետ։

Պեղումները կատարվում են Ritorno a Vulci միջազգային նախագծի շրջանակում, որը մեկնարկել է 2023 թվականին։ Դրան մասնակցում են Հռոմի ֆրանսիական դպրոցը, Հռոմի «Սապիենցա» համալսարանը, Բրիտանական թանգարանը և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող իտալական հաստատությունները։

Հետազոտողները ծրագրում են նոր դամբարանը համադրել Վուլչիի մյուս խոշոր թաղման հուշարձանների հետ, այդ թվում՝ Իսիդայի հայտնի դամբարանի, որը 1839 թվականին Գզել բլրի մոտ հայտնաբերել էին Բոնապարտ ամուսինները։ Երկու դամբարաններն էլ վերաբերում են մոտավորապես նույն ժամանակաշրջանին, դրանց գտածոներնը ունեն ընդհանուր մշակութային գծեր։

Հուշարձանների համեմատությունը գիտնականներին թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել մ.թ.ա. VII դարի վերջի Վուլչիի էլիտայի թաղման ծեսերը, գեղարվեստական արտադրությունը և առևտրական կապերը։

2026 թվականին աշխատանքների ավարտից հետո դամբարանն ու բլրի պարիսպը կրկին ծածկել են հողով՝ հնագիտական մնացորդները պաշտպանելու համար։ Նոր պեղումներ նախատեսված են 2027 թվականին։