Ավելի քան 30 տարի առաջ Ճապոնիայում հայտնաբերված զրահավոր դինոզավրի բրածոները, ինչպես գրել է Live Science-ը, պարզվել է՝ նախկինում անհայտ տեսակի մնացորդներ են։

Գիտնականների կարծիքով՝ այս դինոզավրի նախնիները կարող էին Հյուսիսային Ամերիկայից Ասիա հասնել հին ցամաքային կամրջով, որը միացնում էր ներկայիս Ալյասկայի և Ռուսաստանի տարածքները։

Նոր տեսակը ստացել է Nipponopelta yezoensis անվանումը։ Այն պատկանում է նոդոզավրիդների՝ բուսակեր դինոզավրերի խմբին, որոնց մարմինը պաշտպանված էր ոսկրային թիթեղներով։ Ի տարբերություն նրանց մերձավոր ազգակից անկիլոզավրերի՝ նոդոզավրիդները պոչի ծայրում ծանր ոսկրային գուրզ չունեին։

Մինչ օրս Nipponopelta yezoensis-ը դարձել է Ասիայում հայտնաբերված նոդոզավրիդների ընդամենը երրորդ հայտնի տեսակը։ Այս խմբի բրածոների մեծ մասը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

Նոր տեսակի բրածոներն առաջին անգամ հայտնաբերվել են 1995 թվականին ճապոնական Հոկայդո կղզում։ Դրանք ներառում են գանգի հետևի հատվածը, ստորին ծնոտի բեկոր, մի քանի ատամ և ոսկրային թիթեղներ։ Նրանց տարիքը գնահատվում է մոտ 93–100 միլիոն տարի։

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն իրականացրել են բրածոների համակարգչային տոմոգրաֆիա և ստեղծել դրանց եռաչափ թվային մոդելներ։ Դա հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել նմուշների ներքին կառուցվածքը՝ առանց դրանք վնասելու։ Անատոմիական վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են նոդոզավրիդների առանձին տեսակի։

Nipponopelta անվանումը կազմված է ճապոնական «Nippon»՝ «Ճապոնիա», և հունարեն pelta բառից, որը նշանակում է «վահան»։ Yezo-ն Հոկայդոյի ավանդական անվանումն է։

Դինոզավրի կառուցվածքը վկայում է հյուսիսամերիկյան նոդոզավրիդների հետ նրա սերտ ազգակցության մասին։ Հետազոտողները ենթադրում են, որ նրա նախնիները կարող էին Հյուսիսային Ամերիկայից Ասիա գաղթել մոտ 100–110 միլիոն տարի առաջ՝ անցնելով Բերինգյան ցամաքային կամրջով՝ ներկայիս Բերինգի նեղուցի շրջանում։

Տարածաշրջանի այդ ժամանակվա աշխարհագրությունը զգալիորեն տարբերվում էր ներկայից․ Հոկայդոն միացված էր մայրցամաքային Ասիային, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև գոյություն ուներ ընդարձակ ցամաքային տարածք։ Վարկածներից մեկի համաձայն՝ նոդոզավրիդները կարող էին տարածվել Հյուսիսային Ամերիկայի ափամերձ գոտով, ապա շարունակել ճանապարհը հին ցամաքային կամրջով։

Հոկայդոյի գտածոն նաև հիմք է տալիս ենթադրելու, որ այս դինոզավրերը կարող էին նախընտրել ափամերձ շրջանները։ Nipponopelta yezoensis-ի բրածոները հայտնաբերվել են ծովային նստվածքներում, որոնք ձևավորվել էին հին ծովի տակ։ Քանի որ նոդոզավրիդները ծովային կենդանիներ չէին, գիտնականները կարծում են, որ մահից հետո դինոզավրի մարմինը կարող էր գետի միջոցով կամ գետաբերանով հասնել ծով։

Նոդոզավրիդների այլ բրածոներ նույնպես հայտնաբերվել են ծովային նստվածքներում։ Սա կարող է վկայել կենդանիների կապի մասին ափերի հետ և բացատրել, թե ինչու էին նրանք կարողանում բնակություն հաստատել զգալի հեռավորությունների վրա՝ ափագծի երկայնքով։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ մայրցամաքի խորքերում բրածոների բացակայությունը չի ապացուցում, թե նոդոզավրիդներն այնտեղ չեն ապրել։ Լեռնային և բարձրադիր շրջաններում բրածո մնացորդներն ավելի վատ են պահպանվում․ էրոզիան ժամանակի ընթացքում քայքայում է դրանք պարունակող ապարները։

Այսպիսով, նոր գտածոն ևս մեկ մանրամասն է ավելացնում Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև կավճի ժամանակաշրջանում զրահավոր դինոզավրերի տարածման մասին գիտնականների ունեցած դեռևս ոչ ամբողջական պատկերացմանը։