Ծագումով հայ, «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն ընդգրկվել է SpaceX Crew-14 առաքելության անձնակազմում, որը 2027 թվականի գարնանը պետք է կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Այս մասին հայտնում է Space-ը։

Կիվիրյանի համար այս թռիչքն առաջինը կլինի նրա տիեզերական կարիերայում։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ չորս հոգուց բաղկացած անձնակազմը կղեկավարի ՆԱՍԱ-ի աստղագնաց Քայլա Բարրոնը։ Տիեզերանավի օդաչու է նշանակվել Քրիս Բերչը, իսկ առաքելության մասնագետներ կդառնան Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) ներկայացուցիչ Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը։

ՄՏԿ-ի հետ կցորդումից հետո անձնակազմը կմիանա 75/76 արշավախմբերի մասնակիցներին։ Կայանում տիեզերագնացները պետք է գիտական փորձեր իրականացնեն և մասնակցեն նոր տեխնոլոգիաների փորձարկումներին։

Crew-14-ը կդառնա SpaceX-ի՝ ցածր երկրամերձ ուղեծիր անձնակազմերի կանոնավոր թռիչքներն ապահովելու համար նախատեսված ՆԱՍԱ-ի ծրագրի շրջանակում իրականացվող տասնչորսերորդ առևտրային օդաչուավոր առաքելությունը։

Կիվիրյանը ծնվել է ծագումով հայ ընտանիքում։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարանը, իսկ 2015 թվականին հրթիռաշինարար-ինժեների մասնագիտություն է ստացել Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։

2021 թվականին Կիվիրյանն անցել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական փորձարկման կենտրոնի տիեզերագնացների ջոկատի ընտրությունը։ ՄՏԿ կատարվելիք առաջիկա թռիչքը կլինի նրա առաջին տիեզերական թռիչքը։

Միևնույն ժամանակ շարունակվում է Crew-13 առաքելության մեկնարկի նախապատրաստումը։ Dragon տիեզերանավի շարժիչային համակարգում օքսիդիչի արտահոսքի հայտնաբերումից հետո դրա մեկնարկը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի սկիզբ։

Crew-13-ի հրամանատարը կլինի ՆԱՍԱ-ի աստղագնաց Ջեսիկա Ուոթքինսը, օդաչուն՝ ՆԱՍԱ-ի աստղագնաց Լյուկ Դիլեյնին։ Անձնակազմում կընդգրկվեն նաև առաքելության մասնագետ Ջոշուա Կուտրիկը Կանադայի տիեզերական գործակալությունից և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Սերգեյ Տետերյատնիկովը։