Չինական Galactic Energy ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ արձակել է CERES-2 առևտրային կրող հրթիռը, որն ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ, հայտնել է «Սինհուան»։
Հրթիռն արձակվել է շաբաթ օրը, Պեկինի ժամանակով ժամը 7:37-ին, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։ Բոլոր չորս արբանյակները դուրս են բերվել 535 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։
Արբանյակները նախատեսված են տարբեր խնդիրների լուծման, այդ թվում՝ օվկիանոսի հեռազննման, առևտրային օդերևութաբանության, համալսարանական գիտական հետազոտությունների և տիեզերական իրադրության դիտարկման համար։
Մշակողները հայտարարել են, որ հաջող փորձնական թռիչքը և արբանյակների ճշգրիտ դուրսբերումը նախանշված ուղեծիր նշանավորել են CERES-2-ի պաշտոնական շահագործման մեկնարկը։
Միջին դասի հրթիռը մշակվել է առևտրային արձակումների համար։ Այն ունի հաջորդաբար տեղադրված երեք պինդվառելիքային աստիճաններ և հեղուկվառելիքային վերին աստիճան։ Մոտ 100 տոննա մեկնարկային զանգված ունեցող CERES-2-ը կարող է մինչև 1,3 տոննա օգտակար բեռ հասցնել 500 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։ Հրթիռը կարող է արձակվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային հարթակներից։
Galactic Energy-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի բարձրացնել իր պինդվառելիքային հրթիռների արդյունավետությունն ու հուսալիությունը՝ բավարարելու համար փոքր և միջին արբանյակային խմբերի արձակման, դրանց համալրման և ավելի խոշոր համակարգերի տեղակայման աճող պահանջարկը։




























