Չինաստանը կողմ է արտահայտվել տիեզերական տարածության միջազգային կառավարման ամրապնդմանը, սպառազինությունների մրցավազքի կանխմանը և տիեզերքը ռազմական գործողությունների նոր թատերաբեմի վերածվելը կանխելուն։ Պեկինը նաև կոչ է արել մշակել տիեզերքում սպառազինությունների վերահսկման միջազգային իրավական մեխանիզմներ։ Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումն առաջ է անցնում միջազգային իրավական նորմերի կատարելագործումից, իսկ տիեզերական գործունեության մասնակիցների թվի աճը կարգավորման նոր խնդիրներ է առաջացնում և մեծացնում անվտանգության ռիսկերը։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքի վտանգը և այն հակամարտությունների թատերաբեմի վերածելու միտումը դարձել են տիեզերական անվտանգության ամենալուրջ մարտահրավերներից։

Պեկինը պետություններին կոչ է արել առաջնորդվել ինքնիշխան հավասարության, բազմակողմ համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներով՝ ներառյալ Տիեզերքի մասին պայմանագիրը։ Չինաստանը դեմ է տիեզերական տարածության ռազմականացմանը, ինչպես նաև ազգային օրենսդրության օգտագործմանը՝ այլ պետությունների տիեզերական գործունեության դեմ խոչընդոտներ ստեղծելու կամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, կանխել զինված հակամարտությունները և ամրապնդել փոխվստահությունը երկխոսության, տեղեկատվության փոխանակման և տիեզերական արձակումների մասին ծանուցելու միջոցով։ Առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել արբանյակների հնարավոր բախումների և տիեզերական օբյեկտների, այդ թվում՝ տիեզերական աղբի՝ Երկրի մթնոլորտ վերադառնալու մասին նախազգուշացումներին։

Ըստ Պեկինի դիրքորոշման՝ միջազգային համագործակցությունը պետք է ներառի գիտական հետազոտությունները, տեխնոլոգիաների զարգացումը, խորը տիեզերքի յուրացումը և Երկրի պաշտպանությունն աստերոիդներից։ Չինաստանը նաև կոչ է արել կարգավորել առևտրային տիեզերական գործունեությունը, որպեսզի այն համապատասխանի ազգային ու միջազգային իրավունքին և չօգտագործվի զինված հակամարտություններին ու այլ պետությունների ներքին գործերին ապօրինի միջամտելու համար։

Չինաստանն առաջարկում է տիեզերական ոլորտի գլոբալ կառավարման գործում պահպանել ՄԱԿ-ի առանցքային դերը, ընդլայնել զարգացող երկրների մասնակցությունը և ստեղծել միջազգային կարգավորման բաց, արդար ու արդյունավետ համակարգ։ Փաստաթղթում շեշտվում է, որ տիեզերքի յուրացումը պետք է ծառայի ողջ մարդկության բարօրությանը, իսկ դրա անվտանգությունն ու կայուն զարգացումը պետությունների համատեղ ջանքերն են պահանջում։