Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է X-energy, Intuitive Machines, Axiom Space և Quantum Space ընկերությունների համահիմնադիր և գործադիր նախագահ Քեմ Ղաֆֆարիանին։

Նախքան մրցանակը հանձնելը՝ վարչապետը հանդես է եկել ելույթով.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Հայաստանի Հանրապետության անունից Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը հանձնել գիտության, ճարտարագիտության և տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած Քեմ Ղաֆֆարիանին։

Այս մրցանակով մենք գնահատում ենք ոչ միայն տեխնոլոգիական ձեռքբերումները, այլև այն մարդկանց, որոնց գաղափարները, համարձակությունը և հետևողական աշխատանքը փոխում են մարդկության պատկերացումները հնարավորի սահմանների մասին։

Պարոն Ղաֆֆարիան, Ձեր անցած ճանապարհը դրա լավագույն օրինակներից է։

1969 թվականին Դուք, դեռևս որպես երեխա, հետևել եք մարդու առաջին քայլերին Լուսնի վրա։ Այդ իրադարձությունը ոգեշնչել է Ձեզ ընտրելու գիտության և տիեզերական տեխնոլոգիաների ճանապարհը։

Ավելի քան հինգ տասնամյակ անց՝ 2024 թվականին, Ձեր համահիմնադրած «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ դառնալով վերջին 52 տարվա ընթացքում այնտեղ վայրէջք կատարած առաջին ամերիկյան տիեզերական սարքը։ Սա շատ տպավորիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մանկության երազանքը վերածվել համաշխարհային նշանակության գիտատեխնոլոգիական նվաճման։

Ձեր համահիմնադրած «Axiom Space» ընկերությունն իրականացրել է առաջին ամբողջությամբ մասնավոր անձնակազմով առաքելությունը Միջազգային տիեզերական կայան և այսօր աշխատում է ապագայի առևտրային տիեզերական կայանի ստեղծման ուղղությամբ։

Ձեր գործունեությունն ընդգրկում է նաև առաջադեմ էներգետիկան՝ հիշեցնելով մեզ, որ տեխնոլոգիական առաջընթացի տարբեր ուղղությունները փոխկապակցված են։

Հարգելի ներկաներ,

Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ մեծագույն առաջընթացը հաճախ սկսվում է մի հարցից՝ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ մարդը չի կարող թռչել։ Ինչո՞ւ չի կարող հասնել Լուսին։ Ինչո՞ւ չի կարող ապրել և աշխատել տիեզերքում։ Եվ յուրաքանչյուր նման հարցին հաջորդել են գիտական որոնումները, բազմաթիվ անհաջողություններ, նոր բացահայտումներ և, ի վերջո, հաջողություններ։

Սա կարևոր ուղերձ է նաև Հայաստանի համար։ Մենք փոքր երկիր ենք, բայց գիտության, տեխնոլոգիաների և մարդկային հնարավորությունները չեն սահմանափակվում երկրի աշխարհագրական չափերով։ Հայաստանն ունի գիտական և ինժեներական հարուստ ավանդույթներ։ Այսօր մենք նպատակ ունենք այդ ներուժը վերածելու ժամանակակից տնտեսության զարգացման, բարձր արտադրողականության և միջազգային մրցունակության կարևորագույն գործոնի։ Մենք զարգացնում ենք արհեստական բանականության, առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների, տիեզերական գործունեության և նորարարական ձեռներեցության ուղղությունները։ Հայաստանն արդեն ունի տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու փորձ՝ ArmSat1-ը, և այդ թվում՝ հայ մասնագետների նախագծած և ստեղծած «HAYASAT-1» արբանյակը։ Սակայն մեր նպատակը միայն ուրիշների ստեղծած տեխնոլոգիաներից օգտվելը չէ։ Մենք ցանկանում ենք, որ հայկական համալսարանները, գիտնականները, ինժեներները և ընկերությունները դառնան համաշխարհային տեխնոլոգիական արժեք ստեղծողներ, արժեք ստեղծող համակարգերի մաս և մասնակից։ Եվ այստեղ կարևոր է միջազգային համագործակցությունը։

Հարգելի պարոն Ղաֆֆարիան,

Մենք կցանկանայինք ուսումնասիրել Ձեր ընկերությունների և հայկական գիտակրթական ու տեխնոլոգիական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունը, ինչի մասին արդեն առիթ ունեցանք խոսել և նույնիսկ մի թեթև պայմանավորվել։

Ի վերջո, մեր հաջողությունը պետք է չափվի ոչ միայն նրանով, թե որքան բարձր կարող ենք հասնել, այլև նրանով, թե որքան գիտելիք, կարողություններ և նոր հնարավորություններ ենք ստեղծում այս ճանապարհին։

Հարգելի ներկաներ,

Այս մրցանակն ունի ևս մեկ կարևոր առաքելություն։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանի երիտասարդ սերնդին հանդիպել մարդկանց, որոնք ոչ միայն խոսել են ապագայի մասին, այլև իրենց աշխատանքով ստեղծել են այդ ապագայի մի մասը։ Ուզում եմ, որ այսօր մեզ հետևող յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր ուսանող, երիտասարդ գիտնական կամ ձեռներեց, ինչպես նաև պետական ծառայողներն այս պատմությունից վերցնեն մեկ կարևոր գաղափար՝ մեծ նպատակները սկսվում են համարձակ մտածելուց, բայց իրականություն են դառնում կրթության, գիտելիքի և հետևողական աշխատանքի շնորհիվ։

Շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ընտրող հանձնաժողովին և բոլոր գործընկերներին, որոնք տարիներ շարունակ Հայաստանում ձևավորում են գիտության և տեխնոլոգիական առաջընթացի գնահատման այս կարևոր ավանդույթը։

Հարգելի պարոն Ղաֆֆարիան,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով։ Մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ՝ ի շահ գիտության առաջընթացի և ողջ մարդկության բարօրության։ Հույս ունեմ՝ Ձեր այցը Հայաստան նաև նոր համագործակցությունների սկիզբ կդառնա։

Շնորհակալ եմ և մեծ հաճույքով Ձեզ կհանձնեմ այս կարևոր մրցանակը»։

Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար․ «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է։ Մեկ բանի համար եմ միայն ափսոսում, որ ավելի վաղ չեմ այցելել Հայաստան։ Թույլ տվեք ասել՝ սիրում եմ Հայաստանը և ես կրկին գալու եմ, վերադառնալու եմ»։

Մրցանակակիրն ընդգծել է՝ իր գործունեության նպատակն ու շարժիչ ուժն է բարելավել մարդկության վիճակը, խորացնել մարդկության գիտելիքը։ Ամփոփելով խոսքը՝ Քեմ Ղաֆֆարիանը նշել է․ «Ես շատ երախտապարտ եմ այս պատվի համար։ Պարոն վարչապետ, բոլորիդ խոստացել եմ, որ կվերադառնամ Հայաստան, խոստանում եմ։ Լիահույս եմ, որ կստեղծեմ իսկապես համագործակցություններ տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտների հետ»։

Քեմ Ղաֆֆարիանը տիեզերական և էներգետիկ ոլորտների տեսլական ունեցող ձեռնարկատեր է, որը կանգնած է մարդկային քաղաքակրթության հետագա զարգացմանը միտված ընկերությունների ստեղծման հիմքում։ Առաջնորդվելով մարդկության վիճակի և գիտելիքների զարգացման առաքելությամբ՝ իր ավելի քան 37 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում Քեմ Ղաֆֆարիանը հիմնել է տիեզերական և էներգետիկ ոլորտները փոխակերպող մի շարք հաջողակ ընկերություններ և կուտակել մեծ փորձ՝ գործունեություն ծավալելով պետական պատվերների և տեխնոլոգիական նորարարությունների հատման տիրույթում և նպաստելով տիեզերական ու էներգետիկ ոլորտների վերափոխմանը։

Քեմ Ղաֆֆարիանն իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է 1994 թվականին՝ հիմնելով Stinger Ghaffarian Technologies, Inc. (SGT) ընկերությունը, որը պետական ​​հատվածին ծառայություններ է մատուցում՝ կենտրոնանալով տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ​​կիրառությունների և առաքելությունների գործառնությունների վրա։ SGT-ն դարձավ NASA-ի՝ ճարտարագիտական ​​ծառայություններ մատուցող երկրորդ խոշորագույն կապալառուն՝ տրամադրելով աջակցություն Միջազգային տիեզերական կայանի (ISS) աշխատանքներին և տիեզերագնացների վերապատրաստմանը։ Գրանցելով տարեկան ավելի քան կես միլիարդ դոլար եկամուտ՝ SGT-ն հետագայում ձեռք բերվեց KBR-ի կողմից։ Նախկինում նա զբաղեցրել է բազմաթիվ տեխնիկական և ղեկավար պաշտոններ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Lockheed Martin-ը, Ford Aerospace-ը և Loral-ը։

Դոկտոր Քեմ Ղաֆֆարիանը X-energy-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունը մշակում է միջուկային էներգիայի լուծումներ՝ ինչպես երկրային էներգետիկայում, այնպես էլ տիեզերական շարժիչ համակարգերում կիրառման համար։ Նա մի շարք ընկերությունների համահիմնադիր և նախագահ է, այդ թվում՝ Intuitive Machines, LLC-ի (NASDAQ: LUNR), որը NASA-ի Commercial Lunar Payload Services ծրագրի շրջանակում գիտական և տեխնոլոգիական լուծումների մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից է՝ 2012 թվականի դեկտեմբերից, Axiom Space, Inc.-ի՝ տիեզերական ենթակառուցվածքների մասնավոր ընկերության՝ 2016 թվականի օգոստոսից, Quantum Space, LLC-ի՝ տիեզերական ենթակառուցվածքների ընկերության՝ 2021 թվականի մայիսից, և IBX, LLC-ի՝ նորարարական և ներդրումային ընկերության՝ 2018 թվականի հոկտեմբերից։ Axiom Space-ի համահիմնադրումից հետո, որի նպատակն էր առևտրայնացման միջոցով բացահայտել տիեզերքի նորարարական ներուժը, նա զբաղեցնում է ընկերության խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը և հանդես գալիս որպես տիեզերական տնտեսության զարգացման գծով առանցքային ռազմավարական խորհրդատու։

Քեմ Ղաֆֆարիանը նաև ակտիվ բարերար է և գիտական հետազոտությունների ու միջաստղային ճանապարհորդությունների հնարավորությունների զարգացմանը միտված ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր։

Դոկտոր Ղաֆֆարիանն ունի Ամերիկայի կաթոլիկ համալսարանի ճարտարագիտության ոլորտում համակարգչային գիտության բակալավրի աստիճան, Քափիթալ քոլեջի էլեկտրոնային ճարտարագիտության բակալավրի աստիճան, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի տեղեկատվության կառավարման գիտությունների մագիստրոսի աստիճան, Քենեդի Վեսթերն համալսարանի կառավարման տեղեկատվական համակարգերի դոկտորի աստիճան և Քափիթալ տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիաների դոկտորի աստիճան։