Չինաստանը Երկրի մակերևույթի դիտարկման և արբանյակային ինտերնետային ցանցի ստեղծման համար նախատեսված 10 արբանյակ է դուրս բերել ուղեծիր։ Այս մասին հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը։
Zhuque-2E Y4 կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյան տիեզերակայանին հարակից «Դունֆեն» կոմերցիոն տիեզերական նորարարությունների փորձնական գոտուց։ Բոլոր արբանյակները հաջողությամբ դուրս են բերվել նախանշված ուղեծրեր։
«Սինշի» (Star Era) տեսակի ութ տիեզերական ապարատները հետևելու են Երկրի մակերևույթին գտնվող օբյեկտներին ու երևույթներին՝ վերգետնյա կայաններին փոխանցելով ոչ թե ելակետային տվյալներ, այլ արդեն մշակված վերլուծության արդյունքները։ Մյուս երկու փորձնական արբանյակները նախատեսված են միջարբանյակային լազերային կապի կիրառմամբ արբանյակային ինտերնետի ցանց ձևավորելու համար։





























