Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները գտնում են, որ ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղարը պետք է վարի անկախ և կողմերից հավասարապես հեռու քաղաքականություն։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդակցությունների արդյունքներում։
Խորհրդակցությունների մասնակիցներն ընդգծել են, որ ՄԱԿ-ի ապագա ղեկավարը պետք է առաջնորդվի կազմակերպության Կանոնադրության բոլոր սկզբունքներով և ապահովի դրանց լիարժեք պահպանումը։ Նրանք նաև հայտարարել են, որ ՄԱԿ-ի ցանկացած բարեփոխում պետք է ամրապնդի կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը, արժանանա անդամ պետությունների հնարավորինս լայն աջակցությանը և բխի նրանց շահերից։
ՀԱՊԿ երկրները կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի աշխատանքների օպտիմալացմանը, այդ թվում՝ կրկնվող ու ավելորդ կառույցների վերացմանը։
Բացի այդ, խորհրդակցությունների մասնակիցները հաստատել են խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը զարգացնելու մտադրությունը։ Մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ քարտուղարության և ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի միջև շփումների ակտիվացման, ինչպես նաև տեղերում գործնական աշխատանքներին ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի հնարավոր ներգրավման մասին է։





























