ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կվերանայվի գորշ գայլի և նրա ենթատեսակ հանդիսացող մեքսիկական գայլի դաշնային պահպանության կարգավիճակը (այս տեսակները ներկայումս պահպանվողների ցանկում են)։ Ինչպես հայտնում է BBC News-ը, այս որոշումը հետագայում կարող է ճանապարհ հարթել գիշատիչների թվի կրճատման համար այն շրջաններում, որտեղ վերջիններս հարձակվում են անասունների վրա։
Թրամփն իր հրամանագրում ընդգծել է պարենային համակարգում և ամերիկյան մշակութային ժառանգության մեջ ֆերմերային տնտեսությունների տերերի կարևոր դերը։ Դրա հետ մեկտեղ, փաստաթուղթն առայժմ ֆերմերներին թույլ չի տալիս անմիջապես սկսել գայլերի որսը։ ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամին հանձնարարվել է 90 օրվա ընթացքում պարզել՝ արդյոք գորշ և մեքսիկական գայլերի գլխաքանակն այնքան է վերականգնվել, որ հնարավոր լինի դրանք հանել անհետացող տեսակների ցանկից։
Ըստ ԱՄՆ Ձկնային պաշարների և վայրի բնության պահպանության ծառայության տվյալների՝ 2025 թվականին ամերիկյան բնության մեջ 319 մեքսիկական գայլ է հաշվառվել։ Համեմատության համար նշենք, որ 1998 թվականին նրանց վերաբնակեցումից հետո եղել է ընդամենը չորս առանձնյակ։
ԱՄՆ-ում գորշ գայլերի գլխաքանակը գնահատվում է շուրջ 18 հազար: Այնուամենայնիվ, այս տեսակը շարունակում է համարվել վտանգված, քանի որ մարդու գործունեության հետևանքով դրա բնական կենսամիջավայրի մեծ մասը ոչնչացվել է:
2022 թվականին պահպանվող տեսակների դաշնային ցուցակից գորշ գայլին հանելու փորձը դատական քաշքշուկների պատճառ դարձավ։ Բնապահպանական կազմակերպություններն արդեն հասկացնել են տվել, որ այս անգամ ևս կարող են դատական կարգով վիճարկել իշխանությունների որոշումը։
Բնապահպանների կարծիքով՝ գայլերի պաշտպանության ռեժիմի մեղմացումը կարող է վտանգի տակ դնել նրանց թվաքանակի վերականգնման բազմամյա ծրագրերը։ Նրանք նաև վկայակոչում են հետազոտություններ, ըստ որոնց՝ գայլերն ընտանի կենդանիների վրա հարձակվում են հազվադեպ, և դա չնչին ազդեցություն է ունենում ֆերմերների եկամուտների վրա։
Բացի այդ, գործող համակարգը ֆերմերներին փոխհատուցում է գայլերի հարձակման հետևանքով ոչնչացված անասունների արժեքի մինչև 100 տոկոսը։ Որոշ նահանգներ նաև առանձին ծրագրեր են ֆինանսավորում՝ նման հարձակումները կանխարգելելու նպատակով։
Թրամփի վարչակազմն այս որոշումն ընդունել է ԱՄՆ-ում տավարի մսի աննախադեպ բարձր գները նվազեցնելու փորձերի ֆոնին։ Մսի գնի վրա իրենց ազդեցությունն են թողել երաշտն ու խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածված մակաբուծային հիվանդության բռնկումը։ Ֆերմերներն իրենց հերթին դժգոհ են տավարի մսի ներկրման սահմանափակումները մեղմացնելու վարչակազմի որոշումից, քանի որ համարում են, որ դա հավելյալ հարված է իրենց առանց այն էլ ցածր եկամուտներին։
ԱՄՆ-ում գայլերի զանգվածային ոչնչացումը սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջին։ Նրանց բնաջնջմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև ֆերմերների ու հողատերերի կողմից կենդանիների որսն ու սպանդը քիչ էր մնում հանգեցնեին այս գիշատիչների լիակատար վերացմանը։ Այսօր պահպանվող գայլերի ապօրինի որսը շարունակում է դաշնային հանցագործություն համարվել։





























