Հնագետները Սերբիայի արևելքում հայտնաբերել են շքեղ մասնավոր բաղնիքային համալիրի մնացորդներ, որը պատկանել է հռոմեական կայսր Մաքսիմինոս Դազային, հայտնում է Live Science-ը։

Կայսերական պալատի աշտարակի ստորին մակարդակում գտնվող թերմերի անսովոր կառուցվածքը նախկինում չի հանդիպել Հռոմեական կայսրության ուսումնասիրողներին։

Գտածոն եղել է Վրելո-Շարկամեն հնագիտական համալիրում՝ IV դարի սկզբին կառուցված մոնումենտալ ամրացված նստավայրում։ Պալատը կապում են Գալերիոս Վալերիոս Մաքսիմինոսի հետ, որն ավելի հայտնի է որպես Մաքսիմինոս Դազա և եղել է հռոմեական կայսր 310–313 թվականներին։

Հնագետների առանձնահատուկ հետաքրքրությունն առաջացրել է բաղնիքների հատակագիծը։ Ի տարբերություն հայտնի հռոմեական թերմերի մեծամասնության, որոնց սրահները սովորաբար հաջորդական դասավորություն ունեին, Վրելո-Շարկամենի համալիրը ունեցել է շրջանաձև հատակագիծ։ Դրա վերևում եղել է վեց պատուհաններով գմբեթավոր առաստաղ, ինչը վկայում է հռոմեական շինարարների ինժեներական գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Բաղնիքները բաղկացած էին երկու հիմնական մասից։ Մեկում գտնվում էր դրանց աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումը․ հնագետները հայտնաբերել են վառարան, որն օգտագործվել է հատակը տաքացնելու համար, ինչպես նաև ջուրը տաքացնելու համար նախատեսված պղնձե կաթսայի հիմքը։ Կաթսան ինքնին մեր օրերում չի պահպանվել։

Երկրորդ մասը նախատեսված էր անմիջապես կայսրի և նրա շրջապատի համար։ Այստեղ հետազոտողները հայտնաբերել են երեք ջրավազան կամ լոգարան, ինչպես նաև սուդատորիում՝ գոլորշային ընթացակարգերի համար նախատեսված սրահ, այսինքն՝ հռոմեական սաունա։

Հետազոտողների կարծիքով, համալիրը նախատեսված չէր միայն հիգիենան պահպանելու համար։ Դա բարձր խավի ներկայացուցիչների համար մանրակրկիտ նախագծված մասնավոր բաղնիք էր, որտեղ ճարտարապետությունը, ջեռուցման համակարգը և հարմարավետությունը միավորված էին մեկ ամբողջական կառույցում։

Մաքսիմինոս Դազան ծնվել է ներկայիս Սերբիայի տարածքում և եղել է տետրարխիայի մասնակիցներից մեկը՝ կառավարման համակարգի, որը ստեղծել էր կայսր Դիոկղետիանոսը III դարի վերջում։ Այս համակարգի շրջանակում Հռոմեական կայսրությունը միաժամանակ կառավարում էին մի քանի իշխողներ։ Հետագայում համակարգը փլուզվեց, և Դազան մյուս հավակնորդների հետ մտավ գերագույն իշխանության համար պայքարի մեջ։ Լիկինիոսի հետ քաղաքացիական պատերազմում պարտությունից հետո նա մահացավ 313 թվականին։

Հնագետները կշարունակեն համալիրի ուսումնասիրությունը՝ պարզելու համար, թե ինչպես էին միմյանց հետ կապված այս անսովոր թերմերի սրահները և ինչ կերպ էին կայսրը և նրա ընտանիքի անդամները օգտվում բաղնիքներից։