Հզոր «Լոուել» փոթորկի մոտենալու կապակցությամբ Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, այս փոթորիկը, որը շաբաթ առավոտյան Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն հասել էր 4-րդ կատեգորիայի և ուղեկցվում էր մինչև 240 կմ/ժ արագությամբ քամիով, հաջորդ շաբաթվա սկզբին կմոտենա կղզեխմբի արևմտյան կղզիներին։

Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինը ողջ նահանգի տարածքում արտակարգ դրություն է հայտարարել, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ ռեսուրսներ ու Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ներգրավել: Դեպի Կաուաի կղզի են ուղարկվում բարձր անցանելիությամբ վեց մեքենա, որոնք ի վիճակի են աշխատել ջրհեղեղների պայմաններում։ Իշխանությունները նաև հորդորել են բնակիչներին նախապես հոգալ առնվազն 14 օրվա սննդի և անհրաժեշտ պարագաների պաշարի մասին:

Ներկայումս գլխավոր անորոշությունը կապված է «Լոուելի» շարժման հետագծի հետ: Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի կանխատեսումներով՝ երեքշաբթի առավոտյան տարերքի էպիկենտրոնը կարող է անցնել Նիիհաու կղզուց մոտ 240 կմ և Կաուաիից 305 կմ դեպի արևմուտք: Այնուամենայնիվ, այս կանխատեսումը դեռևս հստակ չէ։ Փոթորկի հետագծի նույնիսկ 160 կմ-ից պակաս թեքումը դեպի արևելք կարող է զգալիորեն ուժեղացնել կղզիների վրա դրա ազդեցությունը:

Նույնիսկ եթե «Լոուելն» անմիջապես ցամաք դուրս չգա, Հավայան կղզիներին սպառնում են վտանգավոր ալեկոծություններ, հուժկու հակահոսանքներ և ափամերձ տարածքների ջրածածկումներ։ ԱՄՆ Օդերևութաբանական ազգային ծառայությունը զգուշացրել է Կաուաիի ափերին լուրջ ջրհեղեղների, ինչպես նաև Օահուում զգալի ջրածածկումների հավանականության մասին:

Կաուաիում արդեն սկսել են մաքրել ջրահեռացման համակարգերն ու հատուկ տեխնիկա տեղակայել ջրհեղեղների վտանգի տակ գտնվող շրջաններում: Առնվազն երկու ազգային պարկ է փակվել վրանային հանգստի համար, իսկ այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին խնդրել են հեռանալ տարածքից:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ արևադարձային փոթորիկն է, որը սպառնում է Հավայան կղզիներին։ Օգոստոսի կեսերին «Լալա» փոթորիկը Մեծ կղզում աննախադեպ առատ տեղումների ու լուրջ ջրհեղեղների պատճառ դարձավ։ Օգոստոսի վերջին տեղացած «Մոկե» արևադարձային փոթորիկը նույնպես հորդառատ անձրևներ բերեց, թեև զգալիորեն ավելի թույլ էր:

Նահանգապետ Գրինի խոսքով՝ այս տարվա սեզոնը հատկապես լարված է Էլ Նինյոյի ազդեցության պատճառով, որը նպաստում է Խաղաղ օվկիանոսում միանգամից մի քանի արևադարձային փոթորիկների ձևավորմանը:

Իրադարձությունների զարգացման այս սցենարն առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում իշխանությունների շրջանում, քանի որ «Լոուելի» կանխատեսվող հետագիծը շատ նման է 1992 թվականի «Ինիկի» փոթորկի շարժմանը: Այն ժամանակ չորրորդ կատեգորիայի այդ փոթորիկն անմիջապես հարվածեց Կաուաիին և դարձավ ամենակործանարարը Հավայան կղզիների պատմության մեջ:

Միևնույն ժամանակ, Օահուի պարագայում իշխանությունները վտանգն առայժմ գնահատում են համեմատաբար ցածր: Այնուամենայնիվ, Հոնոլուլուի քաղաքապետ Ռիկ Բլանջիարդին բնակիչներին կոչ է արել պահպանել զգոնությունը, քանի դեռ «Լոուելը» չի սկսել հյուսիսի ուղղությամբ սպասվող թեքումը: