Թաիլանդի Կանչանաբուրի, Ռատբուրի և Սատուն նահանգների 86 բնակավայրերում առնվազն 6870 մարդ է տուժել ջրհեղեղներից։ Այս մասին հայտնում է «Bangkok Post» պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոկտեմբերի 1-ից ի վեր երկրի 20 նահանգում գրանցված ջրհեղեղները խլել են վեց մարդու կյանք։ Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի կանխատեսումներով՝ մինչև հինգշաբթի երկրի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և կենտրոնական շրջաններում տեղումների քանակը կնվազի։

Ավելի վաղ թագավորության իշխանությունները զգուշացրել էին ծովային ուժեղ մակընթացությունների հետևանքով ցածրադիր շրջանների ջրածածկման և գետերի՝ հունից դուրս գալու վտանգի մասին։ Նախազգուշացումը մինչև նոյեմբերի 5-ը ուժի մեջ կմնա Բանգկոկի և կենտրոնական վեց նահանգների համար։