Էլ Նինյո բնական երևույթի գագաթնակետը սպասվում է տարեվերջին, սակայն դրա հետևանքները դեռ երկար կզգացվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի կառույցում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

Ըստ ՀՕԿ-ի կանխատեսումների՝ 2026 թվականի նոյեմբերից մինչև 2027 թվականի հունվար Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտում՝ Էլ Նինյոյի էպիկենտրոնում, ջրի մակերևութային շերտի ջերմաստիճանը կարող է միջին ցուցանիշներից բարձրանալ 3,8 աստիճանով։ «Սա ուղղակիորեն գերազանցում է վերջին չորս տասնամյակում մեր արձանագրած բոլոր ցուցանիշները։ Էլ Նինյոյի գագաթնակետը կգրանցվի 2026 թվականի վերջին, բայց դրա հետևանքները դեռ երկար կզգացվեն»,— նշել է Սաուլոն։

ՀՕԿ-ում հիշեցրել են, որ հզոր Էլ Նինյոն «շատ տարածաշրջաններում խախտում է սովորական ջերմային ռեժիմներն ու տեղումների օրինաչափությունը»։ Աշխարհի որոշ շրջաններում այն կարող է հանգեցնել ուժգին երաշտների, մյուսներում՝ հորդառատ անձրևների և ջրհեղեղների, իսկ հսկայական տարածքներում՝ անոմալ շոգի։ Ծայրահեղ եղանակային երևույթներ արդեն իսկ գրանցվել են մի շարք վայրերում, և ակնկալվում է, որ Էլ Նինյոյի ուժգնացմանը զուգընթաց դրանց թիվը կաճի, իսկ հետևանքներն ավելի մասշտաբային կդառնան, փաստել են կազմակերպությունում։

Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում սպասվում են նորմայից շատ տեղումներ՝ մեծացնելով ջրհեղեղների վտանգը։ Հարավային Աֆրիկայում, ընդհակառակը, մեծ է երաշտի հավանականությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բերքի վրա։ Հարավարևելյան Ասիայում աննախադեպ շոգն ու տեղումների պակասը «մեծացնում են մարդկանց վրա ջերմային ազդեցության վտանգը», ինչպես նաև լրացուցիչ ճնշում են գործադրում գյուղատնտեսության և ջրամատակարարման համակարգերի վրա։ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում և Հարավային Ամերիկայի արևմտյան մի շարք շրջաններում ակնկալվում է տեղումների աճ։ Ամենայն հավանականությամբ, դրանց մակարդակը նորման կգերազանցի նաև Կարիբյան ավազանի հյուսիսային հատվածում։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ամերիկայի որոշ շրջաններում, Կարիբյան ավազանի հարավում և Ամազոնի ավազանում առկա է երաշտի լուրջ վտանգ։