Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կիեւի դիրքորոշումն անփոփոխ է. Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մարտի 20-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Նշենք, Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն նույն հարցով միանգամայն միակողմանի մոտեցում էր արտահայտել. «22 տարի առաջ մենք չէին հասկանում Ադրբեջանի դեպքերի մասշտաբը, եւ այժմ համանման իրավիճակում ենք հայտնվել: Ստացվում է, որ պետությունները, ինչպես եւ մարդիկ, իրենց սխալների վրա են սովորում», - հայտարարել էր դեսպանը:

Իվան Կուխտան գործընկերոջ հայտարարությունը չի մեկնաբանել, ինչպես նաեւ այն, թե ինչ «եզրահանգումներ» կկատարի Ուկրաինան «իր սխալից»:

Դեսպանը սահմանափակվել է հետեւյալ խոսքերով. «Նախորդ տարի Ուկրաինան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Կա հստակ դիրքորոշում, որն անփոփոխ է. Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին»: