Ռուսաստանը միշտ հետխորհրդային տարածքը առանձնացրել է որպես կենսական կարեւոր շահերի հատուկ գոտի, այդ թվում՝ ռազմական ձեւաչափը: Այս մասին մարտի  21-ին «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա՝ Խորհրդային միությունը գլոբալ ամբիցիաներ ուներ, Ռուսաստանը ոչ միայն դա պարզապես չի ուզում, այլեւ չի կարողանա, քանի որ կպահանջվեն փոփոխություններ տնտեսությունում, մոբիլիզացիոն մոդելի ընդունում, ինչն անհնար է: Ռուսաստանի ամբիցիաները, ընդգծել է նա, գլոբալ չեն, դրանք հետխորհրդային են:

«Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերը ծայրահեղ տարբեր են ու ասիմետրիկ: Ռուսաստանի համար Կովկասը ու մերծավոր արտասահմանը կենսական կարեւոր շահերի գոտի է, որոնք ներքին քաղաքականության վրա հսկայական ազդեցություն ունեն: Եթե խոսել Արեւմուտքի մասին, ապա վերջինս Հարավային Կովկասը դիտարկում է որպես ավելի խոշոր փազլի մի մաս», - ընդգծել է Մարկեդոնովը: Նա պարզաբանել է, որ, օրինակ, ԱՄՆ-ն Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները դիտարկում են ապախորհրդայնացման պրիզմայով, նրան ոչ թե հենց Վրաստանն է հետաքրքրում, այլ հենց այդ սյուժեն: