Չեմ կարծում, որ Հայաստանի ժողովուրդը հիասթափված է ինձնից, պարզապես ոմանք նախընտրում են չարախոսել այդ թեմայով՝ հիշելով 2013-ի ապրիլի 9-ի դեպքերը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Չեմ կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել ինձ: Ինձ համար այս կամ այն քաղաքագետի ասածը ցուցանիշ չէ: Ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ես քաղաքական գործիչ եմ, որին մարդիկ չեն դադարում վստահել»,-ասել է Հովհաննիսյանը:
Վերադառնալով 2013-ի ապրիլի հետընտրական իրադարձություններին, նախագահի նախկին թեկնածուն նշել է, որ փորձել է պայքարել առանց արտաքին աջակցության: «Մենք այն ժամանակ ավելիին հասնելու ռեսուրսները չունեինք, իսկ հիմա մարդիկ ակնկալիքներ ունեն ոչ միայն ինձնից, այլեւ բոլոր քաղաքական ուժերից»,-ընդգծել է «Ժառանգության» առաջնորդը:




























