Լոռիի մարզի Ջրաշեն գյուղում նորածնին սպանելու փորձի դեպքով քրեական գործ չի հարուցվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվելու է հանցակազմի բացակայության հատկանիշներով: Բանն այն է, որ թե մանկիկի մայրը, թե դեպքին ականատես ընտանիքի անդամները հայտարարել են, որ կինը նորածնին սպանելու նպատակ չի ունեցել, ընդամենը վայրկենական ծնունդ է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր`  1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:

Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ»  բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: