Մեծ Բրիտանիան համաձայն չէ, որ Ղրիմի հանրաքվեն ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորում է, սակայն ողջունում է Հայաստանի նախագահի դիրքորոշումը, որ ուկրաինական ճգնաժամը պետք է կարգավորվի՝ համաձայն ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքի: Այդ մասին NEWS.am-ի եւ «168ժամ» թերթի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:
Միացյալ Թագավորությունը, նրա խոսքով, որպես Եվրոպական միության երկիր հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերություններին: «Եւ չնայած սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, մենք դեռ անում ենք ամեն ինչ, որ աջակցենք Հայաստանին՝ դիմագրավելու տնտեսական եւ այլ մարտահրավերների: Ցանկանում ենք, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի այն հարցում, թե ինչպես կարող ենք օգնել նրան: Հենց դրա վրա էլ դնելու ենք շեշտադրումը»,- ասել է Քեթրին Լիչը:
Նշենք, որ մարտի 19-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:




























