Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Գաբրիելյանը:

«Ի՞նչ եք ուզում իմանալ, ուզում եք՝ ինչ-որ մի սենսացիա՞ անել, այո, իմ հորաքրոջ որդին է: Իհարկե տեղյակ եմ դեպքից, ամբողջ հանրապետությունը գիտի, ես չգիտե՞մ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավոր է այդ ձերբակալությունը կապված է իր հետ, նա նկատեց, որ իրեն 2 տարի առաջ են ազատել աշխատանքից եւ նման կապ չի կարող տեսնել: «Ինքը ինձնից մեծ է, 59 տարեկան է, ինչ կապ ունի ինձ գործից ազատելը իր գործողության հետ կապված: Իրեն հո չե՞ն ազատել ինձ ազատելուց անմիջապես հետո»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ միջադեպ է եղել, հորաքրոջ ընտանիքի հետ զրուցել է, Գարիկ Գաբրիելյանն ասաց, որ «ինչքան դուք գիտեք, այնքան էլ ես գիտեմ»:

Գարիկ Գաբրիելյանն ասաց, որ այժմ հանգստանում է, ժամանակն անցկացնում ընտանիքի հետ, աշխատանքի առաջարկ չկա, զբաղվում է բիզնեսով: «Ապրում ենք, նորմալ է»,- ասաց նա՝ չցանկանալով ասել, թե ինչ բիզնեսով է զբաղվում:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ձերբակալված զինկոմը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում: Ձերբակալվել է նաեւ նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը շարունակվում է: