Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) հատկանիշներով եւ նա կալանավորել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հրանտ Անանյանը:
Նա նշեց, որ երեկ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ զինկոմի նկատմամբ երկամսյա կալանքի վերաբերյալ: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական ակտը կուսումնասիրի եւ միգուցե այն բողոքարկի Վերաքննիչ դատարանում, քանի որ կարծում է, որ կալանավորման հիմքերը բացակայում են՝ հաշվի առնելով Զախարյանի անձը բնութագրող հատկանիշները: Ինչ վերաբերում է կաշառք վերցնելու վերաբերյալ միջադեպին, Հրանտ Անանյանն ասաց, որ իր պաշտպանյալի մոտից գումար չի հայտնաբերվել, իսկ թե ինչ է եղել, նա առայժմ որեւէ մեկնաբանություն չարեց:
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ երեկ դատարանում չի քննարկվել նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանի կալանքի հարցը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում: Ձերբակալվել է նաեւ նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը շարունակվում է:



























