Եմենի հյուսիսում մարտի 22-ին շիա ցուցարարների (հոուսիթներ) եւ կառավարական զորքերի միջեւ բռնկված  բախումների հետեւանքով 12 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդել է արբանյակին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ամրան քաղաքի շրջանում:

Հոուսիթները ինքնահռչակված «իմամ» Ալի Հուսեին ալ-Հոուսիի կողմնակիցներ են, ով 2004թ.-ի մայիսին հակակառավարական ապստամբություն բարձրացրեց: Նրանք պատկանում են զեյդիթների համայնքին, որոնք մեծամասնություն են կազմում երկրի հյուսիսային շրջաններում: Մինչեւ 1962թ.-ի հեղափոխությունը Հյուսիսային Եմենում գոյություն ուներ զեյդիթների իմամություն, որը, ինչպես համարում են շիա խմբավորումների հակառակորդները, այժմ փորձում են վերականգնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալ-Հոուսիի կողմնակիցները մտադիր են ցույցեր կազմակերպել Ամրանում եւ փորձել են մուտք գործել բանակի զինապահոցներից մեկը: Զինծառայողները թույլ չեն տվել, դրան հաջորդել է զինված բախումը, որի հետեւանքով 8 ցուցարար է զոհվել, 2 զինծառայող եւ երկու խաղաղ բնակիչ:

Կենտրոնական իշխանությունները բախումների շրջան են ուղարկել զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զորքերին հրաման են տվել թույլ չտալ ապստամբներին քաղաք մտնել: Դրա հետ մեկտեղ հոուսիթները տարբեր ուղղություններով շարունակում են փորձել մուտք գործել Ամրան: