«Հրաշալի քառյակի»՝ կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջի մեջ մեծ է «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի ներդրումը:
«Հայաստանում իշխանափոխության մասին առաջինը խոսել եմ ես նոյեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ: Իմ ասելուց հետո նոր արդեն չորս ոչ կոալիցիոն ուժերը սկսեցին խոսել կառավարության փոփոխության մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում վստահ հայտարարեց Անի Զախարյանը՝ անդրադառնալով չորս ոչ կոալիցիոն ուժերի՝ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջին:
Խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերն ընդդիմության են դարձել, քանի որ քաղաքական դաշտում հայտնվել է «իրական եւ հզոր» ընդդիմություն: Կին քաղաքական գործիչը նույնպես պատրաստվում է առաջիկայում պահանջել կառավարության եւ նախագահի փոփոխություն, ինչպես որ խոստացել էր հանրահավաքի ժամանակ:
«Ես նախագահին վեց ամիս ժամանակ էի տվել, որ նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնի: Ինչպես տեսնում եք, իմ ասածը կատարվեց. հւնվարից կենսաթոշակներն են բարձրացել, իսկ հուլիսից նվազագույն աշխատավարձն է բարձրանալու: Այնուամենայնիվ, ստորագրահավաքն արդեն սկսել եմ ու արդեն 3000 ստորագրություն եմ հավաքել»,- նշեց Անի Զախարյանը:
Նրա համոզմամբ՝ տրանսպորտի չթանկանալու դեպքում էլ է ինքը դեր ունեցել: Ամիսներ առաջ վերջինս պատրաստվում էր պահանջել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, սակայն այսօր այն չի անի:
«Մեր կուսակցությունը պահանջում էր, որ հանրային տրանսպորտը կարգավորի համայնքները, այդպես էլ եղավ: Այս գործում եւս իշխանությունները լսեցին մեզ, մեր ավանդը 40 տոկոս է այդ հարցում»,- ավելացրեց Անի Զախարյանը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանի հրաժարականի համար ստորագրահավաք է սկսել եւ հավաքվել է մոտ 300 ստորագրություն:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին կայացած հանրահավաքի ժամանակ Անի Զախարյանը կառավարությանը վեց ամիս ժամանակ տվեց՝ նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները 100.000 դրամ դարձնելու եւ բոլոր իրավական խնդիրները լուծելու` «քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին ազատելու համար», հակառակ դեպքում ստորագրահավաք կսկսի եւ կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























