Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելը չի կարող տեղի ունենալ ապրիլի 28-ին, քանի որ 2-3 օր անց կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի` անցյալ տարվա պետբյուջեի մասին: Այս մասին մարտի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ-ի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա` քիչ թե շատ բնականոն  գործընթացը ենթադրում է գործադիր մարմնին անվստահության քվե հայտնել հենց նշված բյուջետային քննարկումների ժամանակ, քանի որ այդ քննարկումների ընթացքում, ըստ կանոնակարգի, հնարավոր է անվստահության քվե նախաձեռնել: «Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ընդդիմադիր եւ այլընտրանքային քաղաքական ուժերը կօգտվեն հենց այդ հնարավորությունից: Նրանք, իհարկե, կհրաժարվեն այս հարցը բարձրացնել Կառավարության կողմից բյուջեի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց երկու օր առաջ», - նշել է Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մարտի 19-ին ԱԺ-ում կայացած հանդիպման ընթացքում որոշել էին ստորագրահավաք սկսել` խորհրդարանի  ապրիլի  28-ի արտահերթ նիստում  կառավարությանն անվստահություն հայտնելու համար:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/ NEWS.am