Համահայկական բնապահպանական ճակատը դիմում է մարտի 25-26-ը Երեւանում անցկացվելիք միջազգային համաժողովին մասնակցող փորձագետներին՝ խնդրելով մասնակցելուց առաջ նախ ծանոթանալ, թե ինչպիսի գիշատիչ ձեւով է իրականացվել եւ իրականացվում հանքարդյունաբերությունը Հայաստանում, որո՞նք են եղել դրա օգուտներն ու վնասները, եւ ո՞ր հանգրվանում ենք մենք գտնվում ներկայումս:
Նախաձեռնության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր երկրում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-56-ը Երեւանում տեղի է ունենալու միջազգային համաժողով՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով: Համաժողովը կազմակերպել են Համաշխարհային բանկը եւ ՀՀ կառավարությունը, իսկ աջակիցներն են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի դեսպանատները եւ Կանադայի կառավարությունը։ Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվում է այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության եւ իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։ Իրականացվել են նաեւ բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, որոնք տարբեր մասնագետների եւ բնապահպանական շարժումների անդամների կարծիքով չեն բխում Հայաստանի եւ նրա ժողովրդի շահերից, իսկ Հայաստանը դրանց արդյունքում պարզապես ներկայանում է որպես «համեղ պատառ» օտար ներդրողների եւ տեղի շահագործողների համար: Համաժողովը նաեւ միտում ունի «պատասխանատու» տերմինի միջոցով արդարացնել նորանոր մեծ ու փոքր հանքավայրերի շահագործումը մեր երկրում (Ամուլսար, Թեղուտ, Տաշտուն եւ այլն)։ Մենք միանշանակ հերքում ենք Հայաստանի նման փոքր երկրում այսպիսի արագընթաց տեմպերով զարգացող անվերահսկելի հանքարդյունաբերության հնարավորությունը՝ ինչքան էլ ուզում է այն համեմված լինի տարբեր գեղեցիկ միջազգային տերմիններով։
Մենք մեր խոսքը չենք ուղղում նաեւ ՀՀ կառավարությանը, քանի որ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված բազմաթիվ ահազանգերն ու հաղորդումներն առ այսօր չեն ստացել պատշաճ պատասխան, իսկ շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ հանցագործություններ իրականացողները չեն ենթարկվել պատասխանատվության: Մեզ մնում է դիմել համաժողովին հրավիրված փորձագետներին, որոնք, վստահ ենք, անկախ եւ անաչառ մասնագետներ են, եւ խնդրում ենք Հայաստանում հանքարդյունաբերական այսպիսի համաժողովին մասնակցելուց առաջ նախ ծանոթանալ, թե ինչպիսի գիշատիչ ձեւով է իրականացվել եւ իրականացվում հանքարդյունաբերությունը Հայաստանում, որո՞նք են եղել դրա օգուտներն ու վնասները, եւ ո՞ր հանգրվանում ենք մենք գտնվում ներկայումս։ Մենք խորապես կասկածում ենք նմանատիպ համաժողովների արդյունավետությանը, քանի որ գործնականում ունենք բոլորովին այլ պատկեր, երբ հանքավայրեր շահագործելիս բացակայում է անաչառ մասնագիտական փորձաքննությունն ու պետական խիստ վերահսկողությունը, երբ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցված վնասների վերաբերյալ չի կատարվել եւ կարծես ցանկություն էլ չկա կատարելու լուրջ հետազոտություններ, երբ ընդունված օրենսդրական ակտերը ստեղծում են բոլոր նպաստավոր պայմանները հանքեր շահագործելու, գերշահույթներ ստանալու, հումքը Հայաստանից արտահանելու եւ առաջացած թույնը նրա ժողովրդին ժառանգություն թողնելու համար: Ողջունում ենք համաժողովի կազմակերպիչների այն քայլը, որով հանրությունը եւ հասարակական կազմակերպությունները մասնակից են դառնում քննարկմանը: Սակայն այս մասնակցությունը չպետք է կրի ձեւական բնույթ, իսկ հանրության շահն անհրաժեշտ է որոշել՝ տեսնելով հանքարդյունաբերվող տարածքների իրական պատկերը եւ ծանոթանալով տեղի բնակչության սոցիալական ու առողջապահական խնդիրներին: Մենք վստահ ենք, որ որպես փորձագետներ՝ դուք ունեք անկախ մասնագիտական կարծիք եւ մեր պարտքն ենք համարում ձեզ ցույց տալ հանքարդյունաբերության իրական դեմքը Հայաստանում»:
Համահայկական բնապահպանական ճակատը կից ներկայացրել է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բանպահպանական-փաստագրական ֆիլմը:











