Ոչ մի նախաձեռնություն չի կարող ստվերում մնալ, եւ եթե այն բխում է անհանգստությունից, մենք պատրաստ ենք լսել եւ քննարկել: Այս մասին մարտի 24 –ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի` ապրիլի  28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

«Ինչ վերաբերում է եւս մեկ նախաձեռնությանը, ապա ես առաջարկություն ունեմ, որը կհայտնեմ բոլորի կարծիքները լսելուց հետո: Ամեն դեպքում,  այդ ձեւաչափն ընդունելի է մեզ համար, եթե հասարակությունում անհանգստություն եւ խնդիրներ կան: Ազգային ժողովը ամբիոն է, որտեղ պետք է հնչեցվեն խնդիրները եւ պատասխաններ ստացվեն: Սա լավ մոտեցում է», - ասել է խորհրդարանի խոսնակը` նկատի ունենալով 2012-2013թթ. ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ արագաչափեր կիրառելու, վճարովի կայանատեղիներ կազմակերպելու, Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը բարձրացնելու, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ծրագիրը:

Ի պատասխան այն նկատառմանը, որ ըստ չորս խորհրդարանական խմբակցությունների` կառավարությանն անվստահության քվե հայտնելու դեպքում ՀՀԿ-ում կսկսվի «նավից առնետների վազքը», Աբրահամյանը նշել է. «Չեմ կարծում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ: ՀՀԿ-ն եւ իր խորհրդարանական խմբակցությունը շատ ամուր են, եւ պառակտման նախադրյալներ չեմ տեսնում»: Ի պատասխան այն հարցին` հնարավոր է, որ ԲՀԿ-ն պահանջի նախագահի հրաժարականը, Աբրահամյանն ասել է. «Կարծում եմ` ոչ»:

Հիշեցնենք, խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մարտի 19-ին ԱԺ-ում կայացած հանդիպման ընթացքում որոշել էին ստորագրահավաք սկսել` խորհրդարանի  ապրիլի  28-ի արտահերթ նիստում  կառավարությանն անվստահություն հայտնելու համար: