Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ այն հետագայում եւս հաջողությամբ կշարունակվի:
Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ:
«ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը եւ ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը:
Այնուհետեւ կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին եւ հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տարբեր զարգացումների վերաբերյալ: Մարկ Հորթոնը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում եւս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի եւ մարտահրավերների հաղթահարման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:




























