Կուալա-Լումպուրից Պեկին МН370 չվերթն իրականացնող օդանավի ուղեւորների հարազատներն իրավունք ունեն ամեն ուղեւորի համար մինչեւ 175 հազար դոլարի փոխհատուցում ստանալ, եթե անգամ Boeing 777-200-ի բեկորները չգտնվեն, Bloomberg գործակալությանը հայտնել է հեղինակավոր փաստաբան  Ռոբերտ Հեդրիկը:

Malaysia Airlines ընկերությունը, որի Boeing օդանավը մարտի լույս  8-ի գիշերը անհետացել էր 239 ուղեւորներով եւ անձնակազմի անդամներով, պարտավոր է փոխհատուցում վճարել նույնիսկ, եթե ավիավթարի պատճառն այդպես էլ չպարզվեն, պարզաբանել է  Հեդրիկը՝ վկայակոչելով Մոնրեալի 1999թ. հռչակագիրը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք,  ողբերգության զոհերի հարազատները հայտ ներկայացնելու իրավունք էին ստացել մարտի 26-ին, երբ Մալազիան պաշտոնապես հայտարարել էր, որ օդանավը վթարի է ենթարկվել եւ անհետացել Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի ափից հարավ-արեւմուտք:

Պերտից 2,5 հազար կմ հեռավորության վրա գտնվող հենց այդ շրջան էլ սկսել էին որոնողական օդանավեր եւ նավեր ժամանել: Ըստ Ավստրալիայի ծովային անվտանգության վարչության (AMSA)՝ ներկայիս որոնողական գործողությանը մասնակցում են յոթ ռազմական եւ հինգ քաղաքացիական օդանավեր, Ավստրալիայի ՌԾՈՒ-ի մեկ նավ եւ չինական սառցահատ:

Մինչդեռ  փորձը ցույց է տալիս, որ 7 կմ խորությունում բեկորներ փնտրելը կարող է տարիներ տեւել, ինչպես որ եղավ ֆրանսիական Airbus-ի հետ,  որը խորտակվել էր Ատլանտյան օվկիանոսում 2009թ.: Դրա բեկորները հայտնաբերել էին 2011թ.:

Boeing-ի ուղեւորների բարեկամները դատարան են դիմել՝ միլիոնների հասնող փոխհատուցման համար