Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 26-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինսթոն Յունի գլխավորությամբ եւ նրանց հետ քննարկել ջրային պաշարների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մտադիր են Հայաստանի կառավարության հետ քննարկել Հայաստանում ջրային պաշարների կառավարման ներկա իրավիճակի, ընթացիկ մարտահրավերների ու հնարավորությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների նախաձեռնման հնարավորությունը:
Փոխվարչապետը նկատել է, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներն արդիական են Հայաստանի համար, եւ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս այդ հարցին: Նա տեղեկացրել է, որ օրերս հրապարակվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վերաբերյալ բավականին համապարփակ ուսումնասիրություն, որն իրականացվել էր ՀՀ կառավարության առաջարկով` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Փոխվարչապետն առաքելությանն առաջարկեց մասնավորապես ուսումնասիրել ջրային պաշարների արդյունավետ կառավարման ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա:
Ա. Գեւորգյանը նաեւ նշեց, որ մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է ջրի կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, եւ այդ նպատակով կառավարությունը ջրամբարաշինական խոշոր ծրագրեր է նախաձեռնել: Ներկայումս գործնական քայլեր են իրականացվում Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցման ուղղությամբ, քննարկվում է նաեւ այլ ջրամբարների կառուցման հնարավորությունը: Այդ ծրագրերի իրականացման հարցում կառավարությունն ակնկալում է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը:
Անդրադարձ եղավ նաեւ ՀԲ աջակցությամբ համակարգում իրականացվող ծրագրերին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ հաջողությամբ մեկնարկել է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քառամյա ծրագիրը: Ներկայումս իրականացվում են Մեղրիի ինքնահոս համակարգի շինարարական աշխատանքները, ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է ինքնահոս չորս նոր համակարգի կառուցում:
Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց նաեւ հանրապետության ոռոգման համակարգի ներկա իրավիճակի մասին, ինչպես նաեւ ընդգծեց հետագա ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում համապատասխան մարմինները կհամագործակցեն ՀԲ-ի մասնագետների հետ:



























