Չնայած Կառավարությունից, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանից ունեցած դժգոհություններին, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին բնապնախարար Մուրադ Մուրադյանը կողմ չի քվեարկի «հրաշալի քառյակի» կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը:
«Ոչ, ոչ, ԲՀԿ-ի գործերի հետ ես ի՞նչ կապ ունեմ: Իմ դժգոհությունը եւ ԲՀԿ-ի կարծիքը ի՞նչ կապ ունեն իրար հետ»,- ասաց պատգամավորը: Նա չպատասխանեց մյուս հարցերին՝ պատճառաբանելով, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս:
Ի դեպ, ավելի վաղ Մուրադ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ինքը իր կարծիքը հայտնել է վարչապետի մասին եւ դրանից ետ չի կանգնում: Նա շեշտել էր, որ ինքը դժգոհ է վարչապետից, «դե որ էդքան լավ աշխատեր, էսպես թափով արտագաղթ չէր լինի»: Մեր դիտարկմանը, թե ըստ լրատվամիջոցների՝ ՀՀԿ-ականներին հրահանգ է տրված պաշտպանել վարչապետին, նա այսպես հակադարձեց. «Ինձ տենց հրահանգ չկա, ես վարչապետին պաշտպանող չեմ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 խմբակցությունները (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») մարտի 19-ին, կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել պատգամավորների շրջանում ստորագրահավաք սկսել՝ ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու հարցով: Ի դեպ, մարտի 1-ի ՀԱԿ-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համագործակցող ոչ իշխանական 4 ուժերին անվանել էր «հրաշալի քառյակ»:



























