Անակնկալ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին: Այս մասին այսօր` մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը մեկ անգամ չէ, որ ասել է իր դիրքորոշման մասին: Մենք ազատ կամարտահայտման կողմնակից ենք ազգերի ինքնորոշման հարցում: Այնպես որ անակնկալ չէր, որ մենք դեմ քվեարկեցինք»,-- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ:
Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:




























