Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing օդանավի որոնման գոտին տեղափոխվել է հազար կմ-ով՝ նոր տվյալներ ստանալուց հետո։ Այս մասին հայտնել են Ավստրալիայի իշխանությունները։
Ռադարների գրանցած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ օդանավը ավելի արագ է շարժվել, քան կարծում էին նախկինում, հայտնել են Ավստրալիայի իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանք հավելել են, որ հաշվի առնելով Boeing-ի արագության նոր տվյալները, վերահաշվարկվել է վառելիքի ծախսը, եւ հետեւաբար, օդում օդանավի գտնվելու տեւողությունը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Նոր հաշվարկների հիման վրա օդանավի որոնման գոտին որոշվել է տեղափոխել 1,1 հազար կմ այն գոտուց հյուսիս-արեւելք, որտեղ նախկինում փնտրում էին Boeing-ը, հայտնել են Ավստրալիայի իշխանությունների ներկայացուցիչները։
Ավելի վաղ անհետացած օդանավի որոնումները մի քանի օր ընթանում էին Ավստրալիայի Պերտ քաղաքից 2,5 հազար հարավ-արեւմուտքում։
Մալայզիական Boeing-ում տեղադրված ձայնագրիչների մարտկոցների լիցքը բավարար է 30 օրվա աշխատանքի համար։ Այդպիսով, եթե օդանավի անկման վայրը չհաջողվի պարզել մինչեւ ապրիլի 8-ը, ապա «սեւ արկղերը» գտնելու հնարավորությունները քիչ հավանական կլինեն։
Malaysia Airlines ընկերության Կուալա Լումպուրից Պեկին մեկնող Boeing 777 –ը անհետացել էր ռադարների էկրաններից մարտի 8-ի գիշերը։ Օդանավում եղել է 239 մարդ։
Որոնումները սկսելուց հետո պարզվել էր, որ Հարավկորեական ծովի վրա օդանավը կտրուկ փոխել էր ուղղությունը։ Ավելի ուշ Մալայզիայի ռազմական ռադարը Մալաքյան նեղուցի հյուսիսում օբյեկտ էր գրանցել, որը իբր Boeing 777-ն էր։ Boeing-ի հետագա երթուղու եւ ուղղությունը փոխելու պատճառների մասին դեռ ոչ մի հավաստի տեղեկություն չկա։
Թաիլանդական արբանյակը 300 օբյեկտ է հայտնաբերել, որոնք կարող են կորած Boeing-ի մնացորդները լինել




























