Հայաստանն այս փուլում այն պետությունն է, որն իրեն տեսնում է եվրասիական տարածքում՝ քաղաքակրթական կապերի եւ քաղաքական մշակույթի տեսանկյունից: Այս մասին, յսօր՝ մարտի 28-ին, «Եվրասիական ընտրություն-2014» միջազգային կոնֆերանսի ժամանակ նշել է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ Եվրասիական միությունը Հայաստանին հնարավորություն կտա պահպանելու ու ընդլայնել իր ավանդական քաղաքական եւ տնտեսական կապերը:
«Հայաստանը զարգացնում է իր հարաբերություններն իր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, միաժամանակ համագործակցում է ԵՄ-ի հետ տնտեսական կառույցների բարեփոխումների ուղղությամբ՝ երկրի մրցունակությունը բարձրացնելու նպատակով»,-ասել է Շահգելդյանը: Նա նաեւ հավելել է, որ արտասահմանում հայերի մեծ մասը բնակվում է եվրասիական տարածքում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) եւ Հայաստանը, այդ տեսանկյունից, հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ սփյուռքի հետ կապերի զարգացման նպատակով:
Նշենք, որ ՕԵԿ-ը իշխող կոալիցիայի կազմում է:




























